Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային անվտանգության նախարարության հայտարարությունը


Երեքշաբթի օրը Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունը տարածել է մի ծավալուն հայտարարություն, ուր, մասնավորապես, նշվում է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի քաղաքական շատ գործիչներ կարծիքներ են հայտնում, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով խնդիրն իրենց համար շահավետ պայմաններով չի լուծվի:

Անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի ծավալած մեծածավալ քարոզչությանը, որի նպատակը Հայաստանը որպես ահաբեկչական երկիր, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ահաբեկիչների, թմրաբիզնեսի ու այլ հանցագործ տարրերի հանգրվան ներկայացնելն է, Հայաստանի ԱԱՆ-ի հասարակայնության եւ մամուլի հետ կապերի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նման բոլոր կոչերը շանտաժի տարրեր են պարունակում՝ բանակցային գործընթացում հայկական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակով:

Նշվում է, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանի համար պայթյունավտանգ ավատյուրայի մեջ ներքաշել նաեւ Թուրքիային:

Այնուհետեւ հայտարությունում կոնկրետ փաստեր են բերվում, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակներով կապեր է ունեցել աֆղանական մոջահեդների եւ չեչեն գրոհայիների հետ: Հավաստի տեղեկությունների շարքում նշվում է, որ աֆղան մոջահեդներն ու չեչեն գրոհայինները հատուկ ջոկատ կազմելով կռվել են Ղարաբաղի դեմ, ահաբեկչական գործողություններ իրականացրել՝ ստանալով ամսական 700-1000 դոլար: Նշված են Ադրբեջանի տարաքում նրանց ուսումնական բազաների, հավաքագրման գրասենյակի կոնկրետ հասցեները:

Ըստ հայտարարության, այդ ամենն ապացուցող փաստեր կան՝ հրամանների պատճեններ, լուսանկարներ, նամակներ, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ գլխավոր շտաբի պետ Սադիխովի զրույցի ձայնագրությունը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG