Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր եռյակը այլ գործելակերպ է մշակում


Նախագահ Քոչարյանի հրաժարականը պահանջող արմատական ընդդիմության՝ հոկտեմբերի 26-ին անցկացրած հանրահավաքից հետո հայաստանյան մամուլում հրապարակումներ եղան, թե ընդդիմադիր եռյակը կազմող կուսակցություններից մեկը՝ «Ազգային միաբանություն»-ը եւ նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանը այլեւս դադարեցնելու են համագործակցությունը ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության հետ: Արտաշես Գեղամյանի մեկնաբանությամբ, սակայն, դրանք միտումնավոր տարածված եւ անհեթեթ լուրեր են:

«Խնդիր ունենալով, որ անպայմանորեն շարունակվի հանրահավաքային շարժը, որի ընթացքում իշխանությունները երազում են իրականացնել սադրանք, կոտրել ժողովրդական այն վիթխարի ալիքը, որը հաջողվել է եռյակի կուսակցություններին բարձրացնել մեր ազգաբնակչության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Արտաշես Գեղամյանը:

Ըստ Գեղամյանի, «Ազգային միաբանություն» կուսակցությունը հավատարիմ է մնալու եռյակի կոչում ներառված բոլոր հարցադրումներին՝ իշխանափոխությանն ու նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությանն ուղղված քայլերին:

Ստորագրահավաքը շարունակվում է, սակայն եռյակի անդամները, առաջնորդվելով Արտաշես Գեղամյանի՝ «հանրահավաքային մոտեցումները վերանայելու սկզբունքով», այլ գործելաոճ են այսօր մշակում:

«Տղաներն ընդունեցին իմ դիրքորոշումները, - ասաց Գեղամյանը: - «Բայց, ի զարմանս ինձ՝ իշխանությունները հիասթափվեցին, որովհետեւ զրկեցինք իշխանություններին հակաօրինական գործողություններ ծավալելու, սադրանքներ կազմակերպելու հնարավորությունից»:

Քաղաքական հայտնի եռյակի՝ ՀԺԿ, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների ձեւավորած շտաբն այսօր հավաքվել էր քննարկելու առաջիկա ծրագրերն ու անելիքները:

«Համագործակցող քաղաքական ուժերը ընդհանուր դիրքորոշումների հստակեցման խնդիրներ են քննարկելու, առաջիկա քաղաքական քայլեր», - ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը՝ առանց մանրամասնելու:

«Հարնապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արամ Սարգսյանը ավելացրեց. - «Չեմ ուզում հետագա քայլերի մասին խոսել: Չէի ուզենա այդ թեմաները ասել, որովհետեւ իշխանություններն էլ են լսում... Կուզենայի, որ իրենք լուրջ չվերաբերվեին մեզ, որովհետեւ դա հնարավորություն է տալիս մեզ աշխատելու»:

Խիստ գաղտնի է պահվում, թե ինչ քայլեր են նախատեսված առաջիկայում, պատգամավորներից ովքեր են մասնակցում ստորագրահավաքին, քանի ստորագրություն են առ այսօր կարողացել հավաքել կամ ընդհանրապես քաղաքական ինչ ուժերի հետ է համագործակցում ընդդիմադիր եռյակը:

Ըստ Արտաշես Գեղամյանի, իրենց սատարողների թիվը շատ է, սակայն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ոչ բոլորն են այսօր հրապարակավ խոսում այդ մասին: Ենթադրվում է, որ առայժմ քողարկված քաղաքական ուժերն իրենց կբացահայտեն, ինչպես ընդունված է ասել իրավիճակային փոփոխություններից հետո:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG