Մատչելիության հղումներ

Ամերիկյան կազմակերպությունը կօժանդակի հայկական ակնեղենի ու ոսկեղենի արտահանմանը





ԱՄՆ Միջազգային գործադիր ծառայության կորպուսի գործադիր տնօրեն՝ տիկին Լիսա Սկորսոլինին եւ այդ կառույցի հայաստանյան ներկայացուցչության՝ «Բիզնես-լինք»-ի գործարար ծրագրերի ղեկավարը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրին, որ հայաստանյան ոսկերչական եւ ակնագործական աչքի ընկնող ընկերություններից կընտրվեն առավել մրցունակ վեցը, որոնց համալիր խորհրդատվական եւ միջնորդական օգնություն կցուցաբերվի՝ ամերիկյան շուկա ներթափանցելու համար։

1992 թվականից ի վեր «Բիզնես-լինք»-ը Հայաստանում արտահանմանն աջակցող 100 խորհրդատվական ծրագրեր է իրականացրել։

Ոսկերչությունն ու ակնագործությունը մեր տնտեսության այն եզակի ոլորտներից են, որտեղ խոշոր եւ մանր, կամ, այսպես ասած, ընտանեկան բիզնեսը զարգանում են կողք-կողքի։ Որոշ գնահատումներով, այսօր Հայաստանում մոտ 10 հազար մարդ է զբաղված ադամանդների մշակման կամ ոսկերչական զարդերի պատրաստման գործով։ Հայաստանն այժմ կարող է տարեկան մինչեւ 120 միլիոն դոլարի մշակված ադամանդներ հանել համաշխարհային շուկա։

Ոսկեգործությունն էլ ետ չի մնում. միայն Երեւանի ոսկերչական գործարանը անցյալ տարի 3 անգամ ավելացրել է արտադրությունը եւ արտահանումը։ Իսկ մրցունակության խնդիր չկա. մշակվածքների որակը բարձր է, համեմատաբար ցածր աշխատավարձով էլ պայմանավորված է ցածր ինքնարժեքը։

Միջազգային շուկաներում, սակայն, ոսկեղենի եւ ակնեղենի պահանջարկը որոշ չափով ընկել է, իսկ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն էլ ավելի է սրել է կացությունը։ Այս տարվա առաջին ինն ամսվա պաշտոնական տվյալներով, Հայաստանից ակնագործական արտադրանքի արտահանումը նվազել է 73 տոկոսով: Հարկ է նշել, այդուհանդերձ, որ նույն ժամանակամիջոցում շուրջ 50 տոկոսով ավելացել է ոսկերչական իրերի արտահանումը։

Ամերիկյան շուկան կարող է մեծացնել հայկական զարդեղենի վաճառքը։ ԱՄՆ-ի Միջազգային գործադիր ծառայության կորպուսի տնօրենը համարում է, որ ահաբեկչությունը դժվար թե անդրադառնա ամերիկացիների նախընտրությունների վրա, թեեւ նրանց տնտեսական հնարավորությունները որոշ չափով կնվազեն:

Իսկ հայկական զարդեղենը Միացյալ Նահանգներում վաճառվելու հնարավորությունների մասին տիկին Սկորսոլինին ասաց. - «Ես մեծապես նախընտրում եմ հայկական ոսկերչական իրերը, հայ ոսկերիչները բարձրորակ վարպետներ են, պարզապես իրենց մշակվածքների դիզայնը չի համապատասխանում Միացյալ Նահանգների շուկայի կարիքներին: Թեեւ, հնարավոր է, որ այս ծրագրի շրջանակներում այդ խնդիրը լուծվի»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG