Մատչելիության հղումներ

Նորանշանակ նախարարը մնալու է Դաշնակցության գործուն անդամ


Հայաստանի կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը, ի տարբերություն նույն պաշտոնում 1998-1999 թվականներին պաշտոնավարմանը, երբ մամուլում հրապարակումներ եղան, թե ՀՅԴ-ն ժամանակավորապես սառեցրել է նրա անդամակցությունը, այս անգամ իր աշխատանքային պարտականությունների կատարմանը զուգահեռ շարունակելու է մնալ Դաշնակցության գործուն անդամ:

«Ինձ առաջարկ է եղել, ես համաձայնել եմ այս պաշտոնում աշխատել եւ մնում եմ Դաշնակցության գործուն անդամ», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Լեւոն Մկրտչյանը:

Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ, ներկայացրելով իր կաբինետում երկրորդ դաշնակցական նախարարին (առաջինը քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանն է), հայտարարեց, որ ընտրությունը կատարելիս նկատի են ունեցել ոչ թե թեկնածուի կուսակցական պատկանելությունը, այլ ոլորտում նրա աշխատանքային փորձը:

«Պարոն Մկրտչյանի համար նոր չէ այս բնագավառը, նոր չեն այս բարեփոխումները, որ տեղի են ունենում նախարարությունում եւ կատարում էր պարոն Ղազարյանը: Այսինքն՝ քաղաքականության փոփոխություն տեղի չի ունենալու», - ասաց վարչապետը:

Ադրանիկ Մարգարյանն ավելացրեց, որ նախկին նախարարն իր պաշտոնավարության օրոք մեծ ջանքերի ու համարձակության գնով իրականացրել է բարեփոխումների հնգամյա ծրագրի մի մասը, կատարել է իր առջեւ դրված առաջադրանքը եւ հիմա գիտամանկավարժական աշխատանքի վերադառնալու ցանկություն է հայտնել:

Նախկին նախարար Էդվարդ Ղազարյանը կտրականապես հերքեց տարածված լուրերը, թե ինքը փոխարինելու է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին՝ - «Որովհետեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտորը աշխատում է եւ շատ հաջող է աշխատում», - ասաց նախկին նախարարը:

Էդվարդ Ղազարյանը Վազգեն Սարգսյանի ձեւավորած կառավարության կազմում կրթության եւ գիտության նախարար էր նշանակվել 1999 թվականին՝ «Միասնություն» դաշինքի առաջադրմամբ: Նա եւ ներկայիս գյուղնախարար Զավեն Գեւորգյանը իրենց Կարեն Դեմիրճյանի թիմից էին համարում:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր կտրականապես հերքեց, թե կատարված պաշտոնափոխությունը քաղաքական կամ կուսակցական դրդապատճառներով էր պայմանավորված: «Չեն լինի լուրջ, մեծ ցնցումներ, ուղղակի կլինի այն, ինչ կառավարությունը մինչ այդ նախատեսել էր: Պարոն Ղազարյանի հետ մենք քննարկել ենք: Որոշ ժամանակ կտանք պարոն Մկրտչյանն, որպեսզի նա էլ կուրսի մեջ լինի՝ նախարարությունում կառուցվածքային բարեփոխումների կտրվածքով...15-20 օր հետո կսկսվի այդ բարեփոխումների իրագործումը»:

Անդրանիկ Մարգարյանը նախկին նախարարին բացառապես դրական կողմով ներկայացրեց: Իսկ Էդվարդ Ղազարյանն ազնվորեն ընդունեց եւ միեւնույն ժամանակ, կարծես թե, զգուշացրեց նորանշանակ նախարարին, որ ծավալուն աշխատանք է կատարվել, ուստի չէին կարող թերություններ, բացթողումներ չլինել:

Մի քանի ամիս առաջ վարչապետի հրամանով պաշտոնից ազատվեց կրթության եւ գիտության նախարարության բուհերի լիցենզավորման եւ հավատագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանը, ինչից հետո գլխավոր դատախազությունը կաշառակերության փաստով քրեական գործ հարուցեց: Եղան ձերբակալվածներ, բայց Գաբրիելյանը նրանց թվում չէր: Կասկածներ կային, որ այժմ արդեն նախկին նախարար Ղազարյանն էլ առնչվում էր այդ գործին: Այսօր, սակայն, ի պատասխան լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է որ կադրային այս փոփոխությունը նաեւ այդ հանգամանքով էր պայմանավորված, դա հերքեցին թե' վարչապետը եւ թե' նախկին նախարարը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG