Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Փուչիկը վաղ թե ուշ պայթելու էր», - այսպես է «Հայոց Աշխարհ» թերթը արձագանքում ընդդիմադիր եռյակում շոշափվող տարակարծություններին: Սրա կողքին «Հայոց Աշխարհ»-ը մանրամասնում է, թե ինչ պայմանավորվածության են հանգել ՀԺԿ-ի, «Ազգային միաբանություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարները դեռեւս սեպտեմբերի կեսերին: «Ըստ այդմ՝ որոշվել է, որ Ստեփան Դեմիրճյանը լինելու է ԱԺ նախագահ, Արամ Սարգսյանը՝ վարչապետ, իսկ այ, լավագույն նախագահացուն... Արտաշես Գեղամյանն է»:

Անդրադառնալով հականախագահական դաշտում ենթադրվող կտրուկ շրջադարձին, «Իրավունք»-ի մեկնաբանը շեշտում է. «Գեղամյանը հին կոմերիտական կադրերից է, որն ունի հոտառություն, թե այս պահին հատկապես ինչպիսի քայլերը առավելագույնս կնպաստեն իր կարիերային»: Թերթի ուրվագծմամբ, «վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ ՀԺԿ-ն ու «Հանրապետություն»-ը զանգվածային միջոցառումներն ի վիճակի են ապահովել բավարար մարդկային ռեսուրսներով, իսկ Արտաշես Գեղամյանը բերում է միայն իրեն գովաբանող պաստառներ կրող մարդկանց: Գեղամյանը առաջադրել էր պահանջ իրեն անվերապահորեն ճանաչելու դաշինքի առաջնորդ, առաջնորդվել իր ծրագրով եւ մշտապես ապահովել իր անձնական վարկանիշը բարձրացնող միջոցառումներ: ՀԺԿ-ի եւ «Հանրապետության» համար դա անընդունելի է, եւ Գեղամյանը, ըստ էության, ստանալով մերժում, շատ արագ փոխեց մարտավարությունը, իր հայտարարություններով գրեթե այրելով կամուրջները դաշնակիցների հետ: Իր կեցվացքով, մի կողմից, նա իշխանություններին հասկացնել է տալիս, որ արդեն իսկ պատրաստ է բարձր պաշտոնի համար սակարկությունների, մյուս կողմից՝ ընդդիմությանը վերջնագիր է ներկայացնում, որ ընդդիմադիր պայքարում իրեն բավարարում է միմիայն թիվ 1-ի դերը»:

«Փորձը ցույց է տալիս, որ նախագահ կարող է դառնալ անգամ անհայտ եւ նույնիսկ պատահական մեկը։ Հետեւաբար, յուրաքանչյուր նախագահ ունի իր այլընտրանքը։ Եվ պարտադիր չէ, որ դա լինի նա, ում ներկայացնում են որպես այդպիսին», - ընդգծում է այսօր «Առավոտ»-ի խմբագրականը։ Ընդ որում, «Առավոտ»-ի հայացքով՝ - «Մոտակա 30 տարում Հայաստանում (ինչպես նաեւ Վրաստանում, Ռուսաստանում եւ ԱՊՀ որեւէ այլ երկրում) իշխանությունը ընտրությունների միջոցով չի փոխվի։ Սկզբից տեղի է ունենում հեղաշրջում, որն այնուհետեւ վավերացվում է «ընտրությունների» միջոցով»։

Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում «Հոկտեմբերի 27»-ի մոտիվներով ասում է. «Գլուխը կջարդեմ ցանկացածի, որը հանկարծ կմտածի, թե ես կարող եմ հանդուրժել, շփվել կամ աշխատել այն մարդկանց հետ, ովքեր Վազգենի արյան հետ կապ ունեն... Լուրջ կասկածների դեպքում առաջին հարց լուծողը ես եմ լինելու եւ դա անելու եմ ոչ միտինգով կամ գորգոռոցներով: Հաչան շունը կծան չի լինում»:

«Հայկական ժամանակ»-ը սենսացիոն է որակել Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը, որ «ինքը ներկա է եղել Նաիրի Հունանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի առանձնազրույցին: Ռազմական ոստիկանության պետը, նշելով, թե խոսակցությունը չի ձայնագրվել, ասել է նաեւ, որ Քոչարյան - Հունանյան երկխոսության մեջ արտառոց ոչինչ չկար»:

Լեւոն Մկրտչյանի նշանակումը գիտության եւ կրթության նախարար մամուլում ընդհանուր առմամբ դիտարկվում է որպես նախագահ Քոչարյանի կողմից իր հենարան Դաշնակցության դիրքերի ամրապնդում: «Դաշնակցությունը պատրաստ է նոր որակով, նոր հնարավորություններով մասնակցել մասնակցել գործադիր իշխանության աշխատանքներին», - «Ժամանակ»-ի թղթակցին ասել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ղեկավար Արմեն Ռուստամյանը: - «Երբ Դավիթ Լոքյանին նախարար նշանակելու հարցն էր դրված, մենք այն ժամանակ էլ պարզաբանեցինք, որ փորձում ենք մեր համաձայնությամբ ընդհանրապես նոր որակ հաղորդել կուսակցություն-կառավարություն հարաբերություններին, որովհետեւ այս դաշտը մեզ մոտ բավականին անորոշ է, եւ շատ հարցեր առաջանում են հենց այստեղից»:

ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահները նոյեմբերի 5-ին ադրբեջանական կողմից կհատեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը եւ կժամանեն Ստեփանակերտ: ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանը «Ազգ»-ի թղթակցին ասել է. «Իմ ունեցած տեղեկություններով, համանախագահները նոր առաջարկներ կամ նոր գաղափարներ տարածաշրջան իրենց հերթական այցելության ընթացքում չեն բերի: Համանախագահներին այժմ առավել մտահոգում են Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ հայտարարությունները: Դրանք ոչ միայն սպառնալիք են ԼՂՀ-ին, այլեւ Բաքուն փորձում է ագրեսիվ հայտարարություններով ճնշում գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, տապալել բանակցային գործընթացը»:

«Պատերազմի վերսկսումը Ադրբեջանի համար հավասարազոր է ինքնասպանության: Նոր պատերազմը կառաջացնի փախստականների նոր ալիք դեպի Ադրբեջանի մայրաքաղաք: Չեմ կարծում, թե Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակն անկառավարելի է: Եթե դառնա անկառավարելի՝ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հրահրումը չի կարելի բացառել», - նշել է ԼՂՀ արտգործնախարարը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովն էլ «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում հերթական անգամ բանաձեւել է. «Ցանկացած հակամարտություն կարելի է լուծել միայն մեկ՝ քաղաքական բանակցությունների ճանապարհով: Յուրաքանչյուր այլ ուղի անհեռանկարային է՝ վերաբերի ղարաբաղյան, մերձավորարեւելյան կամ ցանկացած այլ հակամարտության: Պատերազմի ճանապարհով կարելի է շահել ինչ-որ բան, բայց նման լուծումը կլինի ոչ երկարաժամկետ, եւ հանգամանքների բերումով հակամարտությունը նորից կբորբոքվի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG