Մատչելիության հղումներ

Ռումինիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան





Չորեքշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն: Այցը նախապես ծրագրված էր հոկտեմբերի սկզբին, սակայն հետաձգվել էր սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությունից հետո միջազգային իրադրության փոփոխության հետեւանքով:

Հայաստանի նախագահի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ Իոն Իլիեսկուի առանձնազրույցից հետո տեղի ունեցան ընդլայնված ընդլայնված կազմով հայ-ռումինական բանակցություններ: Ստորագրվեցին երկու միջկառավարական համաձայնագրեր, որոնք վերաբերում են մաքսային բնագավառում եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցությանը:

Երկու երկրների նախագահները ստորագրեցին համատեղ հայտարարություն, որում կողմերը կարեւորում են Հարավային Կովկասում առկա հակամարտությունները խաղաղ եւ արագ, բոլոր ներգրավված կողմերի համար ընդունելի տարբերակով կարգավորելը, ինչպես նաեւ հայտնում իրենց պատրաստակամությունը ՝ վճռականորեն սատարելու ահաբեկչությանն արմատախիլ անելուն ուղղված միջազգային հանրության գործողություններին:

Հայաստանի եւ Ռումինիայի նախագահների համատեղ ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ երկու երկրների միջեւ տասնամյա համագործակցության ընթացքում երկկողմ հարաբերությունների ամուր հիմքեր են ստեղծվել, կա քաղաքական շփումների բարձր մակարդակ, ստեղծվել է իրավապայմանագրային ամուր բազա: Հայաստանի նախագահը ավելցրեց, որ ներկա հանդիպման ժամանակ էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումները անցել են փոխըմբռնման բարձր մակարդակով:

Հայաստանի նախագահն ասաց նաեւ, որ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ: «Հայաստանը բարձ է գնահատում նաեւ Ռումիանիայի գործունեությունը որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ բարձր գնահատական տալով նաեւ Ռումինիայի եւ Հայաստանի համագործակցությանը միջազգային տարբեր կազմակերպություններում:

Ռումինիայի նախագահը անդրադարձավ տնտեսական համագործակցության զարգացման հարցերին: Իոն Իլիեսկուի խոսքերով, հարկավոր է ընդլայնել առեւտրատնտեսական համագործակցությունը տարածաշրջանի բոլոր երկրների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ:

Խոսքն առաջին հերթին Կոնստանցա-Բաթում լաստանավային փոխադրումների մասին է: Մեծ տարողություն ունեցող ռումինական լաստանավով ամիսը 2 անգամ տեղափոխվող բեռների 70 տոկոսը Հայաստան է բերվում:

Ռումինիայի նախագահը նշեց, որ տնտեսական համագործակցության զարգացմանը խոչընդոտում են տարածաշրջանում չլուծված խնդիրները: Նա ասաց, որ տարածաշրջանի չկարգավորված խնդիրները խոչընդոտում են տնտեսական համագործակցության զարգացումը:

Պատասխանելով հարցին, թե Ռումինիան ինչ ճանապարհով կարող է օժանդակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Իոն Իլիեսկուն ասաց, որ իր երկիրը հակամարտ կողմերից յուրաքանչյուրի հետ լավ հարաբերություններ ունի եւ հնարավորություն ունի օգնել հակամարտ կողմերի ուղղակի երկխոսությանը՝ խնդրի լուծման ինչ-որ տարբերակի հասնելու համար: Նա ասաց նաեւ, որ Ռումինիան լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, եւ կարելի է խնդրի լուծմանը օժանադակելու համար ինչ-որ մի ձեւով փորձել օգտագործել այդ հարաբերությունները:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG