Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահ Բուշը Քոչարյանի եւ Ալիեւի հետ քննարկել է հակաահաբեկչական պատերազմը





Սպիտակ տան խոսնակը երեկ հայտնել է լրագրողներին, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երեքշաբթի առավոտյան միջազգային ահաբեկչության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հեռախոսային խոսակցություններ է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ:

Ըստ խոսնակ Արի Ֆլեյշերի, երեք նախագահները վերահաստատել են կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն առաջ մղելու իրենց հանձնառությունը:

«Նախագահ Բուշը հասկանում է Կոնգրեսի կողմից «Ազատության աջակցման ակտ»-ի 907 բանաձեւով ձեւակերպված օգնություն տրամադրելու սահմանափակումները կասեցնելու լիազորությունները իրեն փոխանցելու վերջնական գործողությունների կարեւորությունը: Եթե Կոնգրեսը նախագահին տա այդ լիազորությունը, ապա դա նրան հնարավորություն կընձեռի ավելի շատ աշխատել Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ ահաբեկչության դեմ պայքարի եւ տարածաշրջանում համագործակցությունը խորացնելու գործում», - ասել է Սպիտակ Տան խոսնակը:

Անցած շաբաթ Միացյալ Նահանգների Սենատը լրամշակել է «Ազատության աջակցման ակտ»-ի 907 բանաձեւը՝ նախագահ Բուշին լիազորություն տալով ժամանակավորապես կասեցնել Ադրբեջանի նկատմամբ կիրառվող սանկցիաները: 907 բանաձեւը արգելում է Միացյալ Նահանգների կառավարությանը օգնություն տալ Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ վերջինս չի վերացրել Հայաստանի տնտեսական շրջափակումը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG