Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ կառավարության նախագծի, 2002 թ. բյուջեի դեֆիցիտը կկազմի 31 միլիարդ դրամ


Բյուջետային համակարգի մասին օրենքի համաձայն, մինչեւ նոյեմբերի 1-ը կառավարությունը Ազգային ժողովի դատին պետք է հանձնի 2002 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ըստ էության, արդեն հայտնի են այդ փաստաթղթի հիմնական պարամետրերը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կաբինետը ակնկալում է գալիք տարում հավաքել 217 միլիարդ դրամի եկամուտներ եւ ծախսել 248 միլիարդ դրամ։ Այդպիսով, տարբերությունը՝ կամ դեֆիցիտը կկազմի 31 միլիարդ դրամ։

Թեեւ, այս թվերը դեռեւս նախնական են ու մինչեւ նոյեմբերի սկիզբը կարող են որոշ չափով ճշտվել, այդուհանդերձ, բյուջեի հարցում ծրագրային մոտեցումներն արդեն հայտնի են։

Ընդհանուր առմամբ, գալիք տարվա բյուջեն այս տարվա բյուջեի համեմատ լինելու է ավելի քիչ ռիսկային, ավելի մեծ եկամուտներով ու ավելի նվազ ծախսերով։ Այդ բյուջեն էլ, ըստ էության, լինելու է նախկին բյուջետային տարիներից փոխանցված պարտքերի մարման բյուջե։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում կառավարությունը բյուջետային հարցերի շուրջ ծանր բանակցություններ էր վարում Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ։ Ըստ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, այդ ընթացքում կարծես թե գտնվել են փոխընդունելի լուծումներ, որոնք Համաշխարհային բանկին հիմք են տալիս հատկացնել խոստացված Կառուցվածքային բարեփոխումների 4-րդ վարկի երկրորդ մասը: Ըստ նախարարի՝ - «ՍԱՔ-4-ի երկրորդ տրանշը՝ 15 միլիոն դոլար, ամենայն հավանականությամբ, կստանանք մինչեւ դեկտեմբերի կեսերը»։

Այդ վարկի վերջին` 20 միլիոն դոլար մասաբաժնի ստացումը, որ կապակցված է էլեկտրաբաշխիչ ցանցերի մասնավորեցմանը, ըստ նախարարի, լավագույն դեպքում կստացվի հաջորդ տարի։ «Ամենայն հավանականությամբ այս տարի դա չենք ստանա: Իսկ դա նանակում է այդքան ծախս մենք այս տարի չենք անի: Դա նույնությամբ կտեղափոխենք 2002 թիվ», - ասաց Վարդան Խաչատրյանը:

Ակնկալվում է, որ հաջորդ տարվա համար նախատեսվող Համաշխարհային բանկի ՍԱՔ-5 վարկը կկազմի 40-45 միլիոն դոլար։ Բյուջեի դեֆիցիտի ծածկման համար անհրաժեշտ մնացած 15-20 միլիոն դոլարը, ըստ երեւույթին, կառավարությունը հույս ունի ստանալ այս տարվանից փոխանցված ՍԱՔ-4-ի վերջին մասաբաժնից։

Նախկինից փոխանցված ներքին պարտքերի բեռը կազմում է պետական բյուջեի ծախսերի ավելի քան մեկ հինգերորդը։ Ընդհանուր առմամբ, դրանք շուրջ 50 միլիարդ դրամի են հասնում։ Այս գումարի շուրջ քսան տոկոսը սոցիալական բնագավառի, ավելի ստույգ՝ առողջապահության ոլորտի նախորդ տարիների չվճարված աշխատավարձերն ու ընտանեկան նպաստներն են։ Ճիշտ է, այս տարվա ընթացքում հնարավոր եղավ մարել բուժաշխատողների աշխատավարձերի պարտքի կեսից քիչ ավելին, սակայն, խնդիրը մնաց, ու ինչպես երեւում է ծանրանալու է հաջորդ տարվա բյուջեի վրա։

Նույնը, թերեւս, վերաբերվում է ընտանեկան նպաստներին։ Սակայն, չի բացառվում, որ կառավարությունն այս տարեվերջին էլ դիմի անցյալ տարվա վերջին փորձարկված մեթոդին:Այսինքն՝ Ազգային ժողովի թույտվությամբ ժամանակավորապես օգտագործի սեփականաշնորհման հատուկ հաշվում կուտակված միջոցները։

Այս պայմաններում, հնարավո՞ր է, որ եկող տարի բարձրանան աշխատավարձերը, նպաստները կամ թոշակները: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը չի բացառում նման հնարավորությունը՝ -
«Հույս ունենք ուսուցիչների աշխատավարձը որոշ չափով կարողանանք բարձրացնել: Նաեւ կենսաթոշակները՝ այն չափով, ինչքանով կարողանանք»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG