Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պնդում է, թե նախագահի պաշտոնանկության ստորագրահավաքը հաջող է ընթանում


Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները երկուշաբթի օրը հայտարարել են, թե նախագահ Քոչարյանի պաշտոնանկության պահանջով ստորագրահավաքը հաջողությամբ շարունակվում է, սակայն չկամեցան կոնկրետ նշել, թե խորհրդարանականներից քանիսն են կողմ պաշտոնանկության գործընթացը սկսելուն:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին, առանց, սակայն, կոնկրետ թվեր նշելու, ասաց, թե այս փուլում իրենց սպասածից մի բան էլ ավելի պատգամավորական ստորագրություններ կան: Նրա խոսքերով, մոտ 600 հազար մարդ էլ արդեն ստորագրել է նույնաբովանդակ հայտարարության տակ:

«Ազգային միաբանություն», «Հանրապետություն» եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունները միայցալ ուժերով անցյալ ամսվանից նախաձեռնել են նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության պահանջով ստորագրահավաք:

Ռոբերտ Քոչարյանն ու իր կողմնակիցները հերքում են ընդդիմության ներկայացրած բոլոր մեղադրանքները՝ պնդելով թե պաշտոնանկության կամպանիան իշխանություններին հեղանակազրկելու նպատակ է հետապնդում:

Ըստ Սահմանադրության, նախագահը պաշտոնանկ է արվում պետական դավաճանության կամ պետական ծանր հանցագործության համար: Նախաձեռնության հեղինակները պնդում են, թե հանրապետության նախագահն իր պաշտոնավարման ընթացքում Սահմանադրության հոդվածներ է խախտել:

Պաշտոանկության հարցը Ազգային ժողովում քննարկման դնելու համար հարկավոր է 44 օրենսդիրի ձայն: Ըստ ՀԺԿ պատգամավոր Արամայիս Բարսեղյանի, նախաձեռնողները վստահ են, որ ստորագրությունների պահանջվող քանակը կապահովվի :

Նախագահ Քոչարյանի պաշտոնանկության պահանջին չեն միանում խորհրդարանում մեծամասնություն կազմող «Միասնություն», ինչպես նաեւ ՀՅԴ եւ «Օրինաց Երկիր» խմբակցությունները:

«Մենք գտնում ենք, որ այսօր նախագահի պաշտոնանկության պահանջը հիմնազուրկ է» - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG