Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Վրաստանը շոշափում են ռազմական համագործակցության հնարավորությունները


Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը գոհ է Վրաստան կատարած աշխատանքային այցի արդյունքներից: Կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորական գերատեսչությունների մակարդակում շփումները դարձնել պարբերական: Կստեղծվի նաեւ համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի կողմերի հնարավորությունները՝ համագործակցության ասպարեզ ձեւավորելու համար:

«Ունենք բնագավառներ, որտեղ կարող ենք համագործակցել՝ սկսած փորձի փոխանակումից մինչեւ ռազմատեխնիկական բնագավառ», - շաբաթ օրը «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Սերժ Սարգսյանը: - «Եվ ես, եւ Վրաստանի պաշտպանության նախարարը մեր դժգոհությունն ենք հայտնել այսօրվա հարաբերությունների մակարդակից»:

Հայաստանի պաշտպանության նախարարը համագործակցությունը խորացնելուն ուղղված պատրաստակամության հավաստիացումներ է ստացել նաեւ Վրաստանաի նախագահից, կառավարության ու խորհրհրդարանի ղեկավարներից:

Նախարար Սարգսյանը չբացառեց երբեւիցե հայ-վրացական համատեղ զորավարժությունների հեռանկարը, նշելով նաեւ, թե մինչեւ տարեվերջ ՆԱՏՈ-յի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Երեւանում կկազմակերպվի մի զորավարժության դասընթացային մասը, իսկ բուն զորավարժությունները կանցնեն Վրաստանի տարածքում:

«Չեմ կարծում, որ մենք եւ վրացական բանակը մոտ ապագայում կանցկացնենք զուտ երկկողմ զորավարժություններ, որովհետեւ զորավարժություններ անցկացնելու համար անհրաժեշտ է ընդհանուր ինչ-որ խնդիրներ որոշել»: Իսկ այդպիսիք, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի, դեռ չկան:

Մեկ հարցի էլ պատասխանելով իբրեւ հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Սերժ Սարգսյանն ասաց, թե Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովի այցը Հայաստան մոտ ժամանակներս դժվար թե կայանա: Ըստ պայմանավորվածության, Սերժ Սարգսյանն ինքը նոյեմբերի սկզբին կմեկնի Մոսկվա:

«Ամենայն հավանականությամբ նոյեմբերի սկզբներին մենք ստորագրելու ենք կոնկրետ պայմանագրերը, ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք», - ասաց Սերժ Սարգսյանը: Խոսքը «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակներում Ռուսաստանին ունեցած պարտքի դիմաց հայկական մի շարք խոշոր ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները ռուսաստանյան կողմից փոխանցելու մասին է:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG