Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության երկու տարին: Պետք է նկատել, սակայն, որ անցած երկու տարին տեղի ունեցածը հասկանալու, այս ոճրագործության հարուցած հարցերին պատասխանելու առումով այնքան էլ արդյունավետ չգտնվեց», - գնահատում է «Հայկական ժամանակ»-ը՝ նշելով, - «այսօր էլ կենդանի են այն կասկածները, որ ծնվեցին ոճրագործությունից անմիջապես հետո, այսօր էլ այդ ոճրագործությունը կարող է իշխանափոխության պատճառ դառնալ»:

««Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը պիտի դառնա պետությանն ու նրա ղեկավարությանը եւ ժողովրդին համախմբող գործոն», - ուղենշում է «Հայաստանի Հանրապետություն»-ը: - «Հոկտեմբերի 27»-ը քաղաքական ամբիցիաներին, ապակայունացմանը ծառայեցնելը նշանակում է ստվեր գցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգայի ժողովում զոհվածների հիշատակի վրա, նշանակում է մասնատել հասարակությունը, նշանակում է հեռանալ արդար դատավարության մասին խոսքերից»:

«Այսօր Պանթեոնում երկրի ղեկավարներն ու զոհվածների հարազատները դժվար թե կանգնեն կողք կողքի», - կանխատեսում է «Առավոտ»-ը։ Անդրադառնալով ընդդիմության ձեւավորման ընթացքին, թերթի խմբագրականը նշում է. - «Հավանաբար Քոչարյանն այսքան նյարդային է արձագանքում ընդդիմության հայտարարություններին նաեւ այն պատճառով, որ «եռյակի» շարքերում շատ են հենց զոհերի մերձավորագույն հարազատներն ու համախոհները... եթե Գեղամյանի կողքին չլինեին Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը, գուցե թե այդ դեպքում Քոչարյանը կարողանար մասամբ համոզել ժողովրդին, որ ընդդիմությունն իրեն քննադատում եւ հրաժարական է պահանջում Տեր-Պետրոսյանին վերադարձնելու նպատակով։ Բայց այդ հեքիաթը անհամոզիչ է այնքանով, որ զոհված ղեկավարների եղբոր եւ որդու անցումը ընդդիմություն՝ ժողովուրդն ընկալում է ոչ այնքան քաղաքական ենթատեքստում, որքան «Հոկտեմբերի 27»-ի բեկումով։ Իսկ «Հոկտեմբերի 27»-ի շուրջ իշխանությունների հանդեպ որոշ կասկածներ ու անվստահություն կա։ Թեկուզ այն պատճառով, որ մինչ օրս մութ է հնարավոր կազմակերպիչների մասին հարցը, եւ քչերն են հավատում, որ դրանք երբեւիցե կհայտնաբերվեն։ Գոնե՝ Քոչարյանի ղեկավարության ժամանակ»։

«Ազգ»-ի պատկերմամբ՝ «Ուղիղ երկու տարի առաջ կատարվեց մի ոճրագործություն, որից Հայաստանը դեռեւս ուշքի չի եկել: Հրամայականը, որ ոճրագործության կազմակերպիչները կան եւ պիտի բացահայտվեն, դեռեւս լուծում չի ստացել, փոխարենը քաղաքական դաշտում ստեղծվել է փոխադարձ անվստահության մթնոլորտ, դարձել քաղաքական շահարկումների առարկա, ամբիցիաների բավարարման միջոց, իսկ հասարակությունն այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, թե ուր է տանում այդ գործընթացը, որքան կտեւի եւ ինչու է շահարկվում»:

«Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը «Ազգ»-ի թղթակցին ասել է. - «Քանի որ բոլորս գիտենք, թե ովքեր են ոճրագործները, նրանց հանդեպ արդեն մահապատժի որոշում պետք է կայացվեր, իսկ անջատված մասով քննություն կատարվեր... Ընդհանուր առմամբ, դատավարության ընթացքը մեզ չի բավարարում: Պետք է նշել, որ քաղաքականությունը բոլոր կարգի դատավարություններից եւ օրենքներից վեր է, եւ սա քաղաքական խնդիր էր»:

«Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով՝ «Փաստացի դատավարությունը կարծես թե իրավական դաշտից դուրս չի գալիս, եւ դա շատ դրական է: Բայց մի վտանգավոր երեւույթ կա. ձգձգվող դատավարությունը մի տեսակ հասարակացնում է ոճրագործությունը»: Գալուստ Սահակյանը «Ազգ»-ում նշում է. - «Այսօր կոնկրետ թշնամիներ չեմ որոնում՝ կապված ոճրագործության կազմակերպիչների հետ, սակայն իրողությունը գնահատում եմ այնպես, որ այդպիսիք անշուշտ կան, ժամանակի ընթացքում նրանք կբացահայտվեն»:

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի տեսակետով, «Բարոյականության առումով հոկտեմբերի 27-ից հետո, երբ կրքերը հանդարտվել են, ամենաճիշտ քայլը կլիներ, եթե հանրապետության նախագահը հրաժարական տար եւ արդար ընտրությունների երաշխավոր կանգներ: Դա չարվեց, ավելին՝ դրան հետեւեցին անհասկանալի գործընթացներ»:

ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի կարծիքով, «որոշ շրջանակներ այսօր փորձում են շահարկել «Հոկտեմբերի 27»-ը, ունենալով մեկ նպատակ՝ մեղավոր հանել գործող նախագահին եւ ապահովել իրենց վերադարձը: Դրանք մի դեպքում նախկին իշխանության ներկայացուցիչներն են, մյուս դեպքում՝ զոհվածների ընտանիքները»: - Նրա գնահատմամբ, - «Սա մտահոգիչ է, բայց այդքան էլ վտանգավոր չէ, քանի որ ոչ իրատեսական է»:

«Երկու տարի է անցել 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունից, բայց նրա պատճառած խոր վերքը ոչ միայն չի սպիանում, այլեւ ամեն վայրկյան առաջ է բերում ավելի ու ավելի տանջող մի զգացողություն, որը զարմանալիորեն հիշեցնում է մեր դարավոր ազգային ողբերգապաշտության ժամանակակից տարբերակը՝ սեփական անզորությունից ծնունդ առնող մազոխիստական ինքնաոչնչացման զուտ հայկական հիվանդությունը», - ախտորոշում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Հայոց պատմությունը «Հոկտեմբերի 27»-ի վրա կարծես կանգ է առել եւ պտտվում է փակ շրջագծի ներսում՝ վերածվելով ամեն ինչ խորտակող ջրապտույտի»:

«Ես մինչեւ հիմա էլ այն կարծիքին եմ, որ Նաիրի Հունանյանի թիկունքին եղել են եւ կան ուժեր։ Այլ խնդիր է՝ մեզ կհաջողվի՞ բացահայտել նրանց, թե՞ ոչ, բայց որ այդպիսիք կան՝ ինձ համար կասկածից վեր է։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ Նաիրի Հունանյանը չէր կարող ինքնուրույն գործել», - «Առավոտ»-ի հարցազրույցում պնդում է զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Նա «Առավոտ»-ի թղթակցին վստահեցնում է. - «Շուտով պարզ կդառնա, թե ովքեր են ուղղորդողները»: Խոսքը, սակայն, վերաբերում է ոչ թե ոճրագործությունը՝ այլ քննչական խմբին ուղղորդողներին:

«Իմ տեղեկությունների համաձայն, հիմա որոշ գործեր են քննվում, սկսվել են որոշ ընթացակարգեր, որոնք երեւի թե մոտ ապագայում որոշակի ճշգրտումներ կմտցնեն, թե ո՛վ եւ ի՛նչ ուղղությամբ էր փորձում ուղղորդել», - «Առավոտ»-ի թղթակցին ասել է Գագիկ Ջհանգիրյանը:

«Առավոտ»-ի խմբագրի մեկնությամբ, իրենց շուրջ համախմբվելու իշխանությունների կոչերը «ինչ-որ իմաստ ունեն, երբ «օրհասական պահի» պատճառ է դարձել ցունամին, երկրաշարժը կամ ահաբեկիչների ոճրագործությունը: Բայց երբ «արտաքին մարտահրավերները» առաջանում են հենց իր՝ իշխանության անսահման ինքնահավանության եւ անգրագետ արտաքին քաղաքականության պատճառով, հիմքեր կան ենթադրելու, որ բազմիցս վկայակոչվող սպառնալիքների աղբյուրը հենց այդ իշխանությունն է»:

«Պատերազմի վտանգն իրոք մեծացել է», - ընդգծում է Արամ Աբրահամյանը: - «Եվ քանի որ դա այդպես է, ապա կարելի է վստահաբար ասել, թե ով է դրա համար պատասխանատու, ով է ստեղծել այդ «օրհասական պահը», որը, իբր, պետք է ժողովրդին մղի իշխանության գիրկը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG