Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում սկսեց գործել պլաստիկ քարտերի ազգային համակարգ


Երեւանում այսօր տեղի ունեցավ հայկական առաջին պլաստիկ քարտի՝ «Արմենիան քարտի» (ԱՐՔԱ) շնորհանդեսը: Պլաստիկ քարտի ստեղծման ծրագիրը իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տրամադրած 1,5 միլիոն դոլար դրամաշնորհով:

«Արմենիան քարտ» ընկերության գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանի հավաստմամբ, առայժմ հայկական պլաստիկ քարտերը կշրջանառվեն միայն Երեւան քաղաքում, իսկ հետագայում կտարածվեն նաեւ մյուս մարզերում եւ Ղարաբաղում։

«Մեր գերխնդիրը վճարային քարտերի համար համապատասխան սպասարկման ցանց ունենալն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շահեն Հովհաննիսյանը, ավելացնելով, որ արդեն թողարկված է 1200 «ԱՐՔԱ» քարտ, տեղադրված է երեք բանկոմատ, մասնավոր բանկերում գործում են 20-ից ավելի կանխիկ դրամի տրամադրման կետեր։

«ԱՐՔԱ» քարտը արդեն սպասարկվում է 22 խանութներում, ռեստորաններում եւ այլ սպասարկման կետերում։ Առայժմ «ԱՐՔԱ»-ն առայժմ սպասարկում է միայն դրամական հաշիվները։

«Արմենիան քարտ» ընկերության ղեկավարությունը ծրագրում է հաջորդ տարի իր թողարկած քարտը սերտիֆիկացնել Europay-ի կողմից։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստան այցելող հյուրերը կկարողանան իրենց Eurocard-երից օգտվել «ԱՐՔԱ»-յի սպասարկման կետերում։ Ինչ վերաբերվում է հայկական պլաստիկ քարտերով արտասահմանում գործարքներ անելուն, ապա դա, ավելի հեռու ապագայի խնդիր է։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG