Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի երեկվա ձեւակերպմանը, թե «որքան շատ մարդ հավաքվի նախագահի դեմ կազմակերպվող հանրահավաքին, այնքան լկտի կլինեն Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ սպառնալիքները», «Առավոտ» թերթը մեկնաբանում է. «Նախագահն առաջին անգամը չէ, որ հասարակության ըմբոստությունը փորձում է լռեցնել՝ շահարկելով Ղարաբաղի հակամարտությունն ու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, դա «իշխանությունների կողմից ժողովրդի դեմ շանտաժ» եւ շահարկում են որակել նաեւ Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը: Ալբերտ Բազեյանն էլ ընդգծել է. «Ադրբեջանի այդօրինակ հայտարարություններն իրականում պայմանավորված են ԼՂ բանակցությունների ձախողմամբ, ինչը տեղի է ունեցել Քոչարյանի մեղքով... նա ձգձգում է հարցի լուծումը՝ իր իշխանությունը երկարաձգելու, նաեւ ԼՂ հիմնախնդիրը շահարկելով՝ ընդդիմությանն ու հասարակությանը լռեցնելու համար»:

«Երկրապահ կամավորականների միության Արարատի տարածքային կազմակերպության մի խումբ անդամների եւ Արտաշատի տարածքային կազմակերպության տարածած հայտարարությունների համաձայն, ԵԿՄ վարչության անդամ Մուշեղ Սաղաթելյանի կալանավորման առնչությամբ միության նախագահ Մանվել Գրիգորյանի արտահայտած տեսակետի հետ այս կառույցները եւս համաձայն չեն»: Խտացնելով, «Հայկական ժամանակ» թերթը ուրվագծում է, թե «այս կազմակերպության տարածքային կառույցները աստիճանաբար կսկսեն չենթարկվել Մ. Գրիգորյանի ղեկավարած վարչությանը եւ առանձին-առանձին հանդես կգան»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի հաշվարկով, իրատեսական է, որ ընդդիմությունն այսօրվա հանրահավաքի տարածքում հազիվ մի երեք հազար մարդ լցնի, այն էլ, քանզի «ֆինանսական եւ պրոպագանդիստական հնարքներ չի խնայում՝ մարդկանց ավտոբուսներով մայրաքաղաք տեղափոխելու համար. այդ թվում՝ դրամական փոխհատուցումներ հատկացնելու ճանապարհով»:

«Իրավունք»-ի մեկնաբանը հնարավոր ընթացքը ավելի լուրջ լարվածություններում է տեսնում՝ նկատելով. «Ըստ հայկական «բարի» ավանդույթի՝ հոկտեմբեր ամսին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի է ունենում ցնցումային բնույթի որեւէ իրադարձություն... հանրահավաքին հաջորդող իշխանական կոշտ քայլեր ամենեւին էլ բացառված չեն, եթե հաշվի առնենք իշխանությունների ոչ համարժեք վախը զանգվածային միջոցառումների նկատմամբ»:

«Թեեւ ընտրարշավ մեկնարկելու նախաձեռնությունը պատկանում է հականախագահական ընդդիմությանը, Ռոբերտ Քոչարյանը, հասարակական կարծիքի հետ աշխատելու փորձ չունենալով, կուլ տվեց այդ խայծը եւ նույնպես ներգրավվեց վաղաժամ ընտրարշավի մեջ», - նշվում է «Իրավունք»-ում: Այս գործընթացում էլ միանգամայն օրինաչափ են համարվում առաջիկայում կառավարության կազմի փոփոխությունները: «Նախագահին ընտրություններից առաջ անհրաժեշտ է ամբողջովին իրեն նվիրված կուռ թիմ, որը ընտրարշավը պետք է ապահովի վարչական եւ, այսպես կոչված, «արտաբյուջետային» ռեսուրսներով՝ միաժամանակ ընտրական գործընթացները զերծ պահելով անակնկալներից», - գրում է մեկնաբանը: - «Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է ոչ թե իր թիմն ունեցող զինակից, այլ սեփական թիմակից: Այդ առումով ամենահարմար թեկնածուն, թերեւս, Արտաշես Թումանյանն է»:

«Ազգ»-ի մեկնաբանի հայացքով, «ակնհայտ է, որ գոնե այս պահին քաղաքական ուժերի դատողությունները Հայաստանին սպառնացող ուղղակի վտանգներին չեն առնչվում»: Անկայունության առաջին միավորը, որ կարող է սպառնալ Հայաստանին, ըստ մեկնաբանի, «հակաահաբեկչական ակցիայի չարաշահումն է Ադրբեջանի կողմից, այդ շրջանակներում Լեռնային Ղարաբաղն ահաբեկչության կենտրոն դիտարկելը եւ ԱՄՆ-ի որոշակի օժանդակությունը՝ կապված 907 հոդվածի թուլացման հետ, արդեն իսկ հիմք են տալիս ադրբեջանական պաշտոնական շրջանակներին ԵԱՀԿ Մինսկի խմբին վերջնագիր ներկայացնելու եւ ռազմատենչ դիրքորոշում որդեգրելու», - արձանագրված է «Ազգ»-ում:

Նույն թերթի մեկ այլ վերլուծաբանի կարծիքով, 907 հոդվածը «տնտեսական կամ քաղաքական նշանակություն երբեւէ չի ունեցել: Այսինքն, հոդվածի վերանայմամբ Հայաստանը ոչինչ չի կորցնում, բայց որ Վաշինգտոնն այդ հոդվածով հայամետության մտավարժանքներ կատարելու, առավել եւս այդ մտավարժանքներով իր ադրբեջանամետ քաղաքականությունը հավասարակշռելու հնարավորությունից զգալիորեն զրկվում է, չի կարելի հերքել»:

«Առավոտ» թերթի անդրադարձով էլ՝ «Ադրբեջանին ԱՄՆ-ի պետության կողմից օգնություն չտրամադրելը՝ Հայաստանին շրջափակելու պատճառով իր բարոյական եւ գուցե տնտեսական նշանակությունն ուներ 1992-1994 թվականների պատերազմի ժամանակ: Ի՞նչ խնդիր էր լուծում այդ բանաձեւը զինադադար կնքելուց հետո, եւ ինչի՞ց են այդքան վրդովված սփյուռքահայ լոբբիստները. այնքան էլ հասկանալի չէ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG