Մատչելիության հղումներ

Հայ-վրացական տնտեսական կապերի ներկա վիճակը


Հայ-վրացական տնտեսական առնչությունները, առաջին հերթին՝ փոխադարձ ներդրումները եւ առեւտուրը, երկու երկրների տնտեսություններում եղանակ չեն ստեղծում։ Օրինակ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանից ապրանքների արտահանման 7, եւ ներմուծման ընդամենը 2 տոկոսը, իսկ փոխադարձ առեւտուրը չի հասնում 20 միլիոն դոլարի։

«Ընդհանուր առմամբ, ես գոհ չեմ մեր տնտեսական կապերի մակարդակից: Հիմնականում դրանք ամփոփվում են էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներով: Մեր երկրների ապրանքաշրջանառությունը չի աճում, քիչ են ռեալ աշխատող համատեղ ձեռնարկությունները, թեկուզ հնարավորությունները մեծ են», - «Պրայմ Նյուս» լրատվական գործակալությանը Վրաստանի նախագահի պաշտոնական այցի նախօրեին տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Վրաստանի՝ Հայաստանին ունեցած ընդհանուր պարտքն անցնում է 20 միլիոն դոլարից: Եվս 4 միլիոն 400 հազար դոլար Վրաստանը պարտք է 1998-1999 թվականներին Հայաստանից ստացած էլեկտրաէներգիայի դիմաց։

Ընթացիկ տարվա հունիսին պարտքերին, տարանցիկ փոխադրումների անվտանգությանն ու դրանց սակագներին, սահմանային առեւտրին ու մաքսային կառույցների աշխատանքին վերաբերող հարցերի քննարկվեցին երկու երկրների միջկառավարական հանձնախմբի երեւանյան նիստում։ Արդյունքում, սակայն, այդպես էլ փաստաթղթեր չստորագրվեցին. բաց մնացին թե' ֆինանսական եւ թե' էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց գոյացած պարտքի խնդիրները։

Հայկական կողմը պահանջում է վճարել պարտքը, մինչդեռ, վրացական կողմը առաջարկում է Հայաստանին ունեցած ֆինանսական պարտքը վերակազմավորել՝ սահմանելով մարման ավելի երկար ժամկետներ եւ իհարկե՝ ավելի ցածր տոկոսադրույքներ։

Ինչ վերաբերում է էներգետիկ պարտքին, ապա վրացական կողմը, որոշ տեղեկություններով, առաջարկել է այդ պարտքը մարել, այսպես ասած, տրանսպորտային փոխադրումների զեղչեր տալու տարբերակով: Այսինքն, պարտքի գումարի չափով Վրաստանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումներից գումարներ չեն գանձվի։


Այսուհանդերձ, հայ-վրացական տնտեսական հարաբերությունները ավելի շուտ կարեւորվում են տարածաշրջանային իրողությունների ու ծրագրերի համատեքստում։

Այստեղ հատկապես տոն են տալիս էներգակիրների տարանցման ծրագրերը։ Դրանցից են Բաքու-Ջեյհան նավթամուղի, անդրկասպյան կամ Իրան-Հայաստան գազամուղների կառուցման նախագծերը։

Այստեղ, թերեւս, Հայաստանը եւ Վրաստանը ընդհանուր խնդիր ունեն. այն է՝ ձերբազատվել գազի մատակարարումների միակողմանի կախվածությունից։ Վրաստանն հույս ունի դրան հասնել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կառուցմամբ, իսկ Հայաստանը՝ Իրանից դեպի Հայաստան գազամուղի անցկացմամբ։

Առայժմ, սակայն, ռուսաստանյան «Իտեռա» ընկերությունը ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից պահանջում է վճարել գազի պարտքերը՝ պարբերաբար սպառնալով դադարեցնել վառելիքի հոսքը։ Ռուսական գազի դիմաց Վրաստանի պարտքը 86 միլիոն դոլար է, այսինքն՝ կրկնակի ավելի, քան Հայաստանի պարտքը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG