Մատչելիության հղումներ

ԱՊՀ անդամ երկրները բարձրացնում են կառավարական եւ հատուկ ծառայությունների կապի միջոցների գաղտնագրման մակարդակը


Երեւանում երեքշաբթի օրը գումարվեց ԱՊՀ անդամ պետությունների կառավարական եւ փակ գերատեսչական կապի համակարգերում գաղտնագրման միջոցները եւ դրանց շահագործումը համակարգող խորհրդի նիստ: Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար փակ նիստին մասնակցում էին ԱՊՀ երկրների ազգային անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների եւ կապի ստորաբաժանումների ղեկավարները:

Նման խորհրդակցությունները տարբեր երկրների հատուկ ծառայությունների միջեւ ներկայումս կարեւոր նշանակություն ունեն հատկապես հակակահաբեկչական միջոցառումների առումով, քանի որ կապի գաղտնագրման միջոցների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաեւ դրա գաղտնազերծման միջոցները:

Համակարգող խորհրդի նիստում քննարկել են մի շարք կարեւորագույն հարցեր, որոնք սկզբունքային նշանակություն ունեն ԱՊՀ պաշտպանված տեղեկատվական հեռահաղորդակցական տարածքի ամրապնդման եւ զարգացման, վերջինիս անվտանգության ապահովման գործում: «Դրանք վերաբերում են համագործակցության երկրների փոխգործողությանը՝ հաշվի առնելով միջազգային ահաբեկչության ակտիվացման եւ հակաահաբեկչական գործողությունների անցկացման հետեւանքով ստեղծված իրավիճակը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի Ազգային անվտանգության նախարարության լրատվական վարչության պետ Արմենակ Մանուկյանը:

Կառավարական հեռախոսակապ ներկայումս Հայաստանում չկա: Գործում է միայն «սուպեր» հեռախոսների խիստ սահմանափակ ցանցը, որը դուրս է «ԱրմենՏել»-ի մենաշնորհի շրջանակներից եւ վերահսկվում է ազգային անվտանգության մարմինների կողմից: Դրանից օգտվում են միայն հանրապետության բարձաստիճան ղեկավարները: Կապի այս միջոցն է, որ պետք է գաղտնագրի տեխնիկայի ամենավերջին հնարավորություններով:

Գաղտնագրման համակարգեր կտեղադրվեն ոչ միայն ներքին գերատեսչական ցանցերում, այլ նաեւ ԱՊՀ անդամ երկրների միջեւ հատուկ կապի միջոցներում:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG