Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ռազմակայանի առկայությամբ մարդիկ ավելի հանգիստ են, քան առանց նրա»





Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի պաշտոնական այցի նախօրեին վրացական «Պրայմ Նյուս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Վրաստանից, մասնավորապես՝ Ախալքալաքից ռուսական զորքերի դուրսբերման խնդրին, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Վրաստանի տարածքում ռուսական ռազմաբազաներին առնչվող հարցերը պատկանում են վրաց-ռուսական հարաբերությունների ոլորտին: «Միաժամանակ, մենք ըմբռնում ենք Սամցխե-Ջավախքի բնակչության անհանգստությունը ռուսական ռազմակայանի հնարավոր դուրսբերման կապակցությամբ... ռազմակայանի առկայությամբ մարդիկ ավելի հանգիստ են, քան առանց նրա», - ասել է Հայաստանի նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը շեշտել է, որ շատ ջավախքցիների համար ռազմակայանի ենթակառուցվածքներում աշխատելը գոյության միակ աղբյուրն է: «Չի կարելի հաշվի չառնել նաեւ որոշ երեւույթներ ազգամիջյան հարաբերությունների նուրբ ոլորտում... Մարդկանց վրա ազդում է նաեւ ուղղակի Թուրքիայի հետ սահմանագծին ապրելու գործոնը՝ հաշվի առնելով այդ երկրի հետ մեր պատմական անցյալը», - ասել է նախագահը, ավելացնելով, որ Հայաստանը պատրաստակամ է Վրաստանի ղեկավարությանն աջակցելու շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, շրջանի ենթակառուցվածքների զարգացման, բնակչության զբաղվածության, Վրաստանի հասարակական կյանքին նրա ակտիվ ինտեգրման գործում:

Ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերմամբ Վրաստանի ղեկավարությունը ձգտում է ճանապարհ հարթել դեպի ՆԱՏՈ-ին անդամակցելը: Վրաստանն ուզում է ընդլյանել ռազմական համագործակցությունը ՆԱՏՈ-ի անդամ երկրների, այդ թվում նաեւ Թուրքիայի հետ: Իսկ Հայաստանը ռազմական բնագավառում սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ:

Նշելով , որ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում կարող է դիտվել որպես «կայունացնող գործոն», Ռոբերտ Քոչարյանը ասել է. - «Մենք ուշի-ուշով հետեւում ենք վրաց-թուրքական ռազմական համագործակցության զարգացմանը: Համագործակցության այն ծավալը, որ այսօր գոյություն ունի, մեզանում լուրջ մտահոգություն չի հարուցում, թեկուզեւ, հասկանալի պատճառներով առանձնապես ուրախություն չենք զգում... Մենք կարծում ենք, որ տասնամյակների ընթացքում ձեւավորված ուժերի հարաբերակցության կտրուկ տատանումները պարզապես վտանգավոր են, եւ գործընթացը պետք է զարգանա աստիճանաբար»:

Վրաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան կսկվի երեքշաբթի օրը: Քնննարկվելու է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Կստորագրվեն մի շարք տնտեսական համաձայնագրեր:

Երկու երկրների նախագահները, ամենայն հավանականությամբ, կքննարկեն նաեւ Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց հետեւանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի հայազգի տեղաբնակներ:

Այս առնչությամբ Հայաստանի նախագահը ասել է. - «Մեր հայրենակիցների ճակատագիրը, որ երկրում էլ նրանք գտնվեն, չի կարող չմտահոգել մեր պետությանը, հատկապես, երբ նրանք հայտնվում են ռազմական ընդհարման գոտում»: Չբացառելով Հայաստանի մասնակցությունը այդ հակամարտության խաղաղ ու արդարացի լուծման գործում, Ռոբերտ Քոչարյանը նշել է. - «Բայց դա չի կարող լինել առանձին միջնորդական առաքելություն, եւ մեր մասնակցությունը կարող է լինել միայն հակամարտության բոլոր կողմերի ցանկության դեպքում»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG