Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Արդեն հաճելի ավանդույթ է. նախագահը հերթական անգամ հանրապետության մի գավառ այցելելիս, կարծես թե, իմիջիայլոց, լրագրողների երկար պնդումներից հետո դատողություններ է սկսում երկրի ներքաղաքական վիճակի մասին։ Իրականում ինքն է հարմար գտնում խոսելը», - շեշտում է «Առավոտ»-ի խմբագրականը, մասնավորեցնելով, որ Գյումրիում Ռոբերտ Քոչարյանի արտագնա ասուլիում էլ ակնհայտորեն զգացվում էր նրա լավ նախապատրաստված լինելը. նախկին պաշտոնյաների գործունեությանն թվերը նախապես մշակված էին։

«Առավոտ»-ում նաեւ հարց է դրվում՝ իսկ ո՞ւմ է մեղադրում նախագահը, եթե իր կողմից ապաշնորհ ու անպարկեշտ ներկայացվող նախկին վարչապետին ու նախկին քաղաքագլխին հենց ինքն էր նշանակել՝ իրեն շահավետ քաղաքական իրավիճակների հասնելու համար: «Հակառակ իր իսկ պնդումների՝ Քոչարյանին ամեն դեպքում չի հաջողվում չնկատել ընդդիմությանը։ Նա ստիպված է խոսել, բայց դա անում է ոչ այնքան խելամիտ եւ մտածված ձեւով, - գնահատում է «Առավոտ»-ը։ - Իսկ եթե նրանց հանցանքների մասին այդպիսի փաստեր ունի, թող բարի լինեն դատախազությունում գործ հարուցել:

«Ազգ» թերթի մեկնաբանն էլ տարակուսած է. «Այս փաստերի կապակցությամբ առնվազն քրեական գործ պետք է հարուցվեր, եւ մեղավորները բացահայտվեին: Իսկ Ալբերտ Բազեյանը պատասխանատվության կանչվեր իր մասով: Մինչդեռ մինչեւ հիմա որեւէ մեկն այս հարցով չի էլ զբաղվել... ստացվում է, որ նախագահն անում է հայտարարություններ, որոնք առնվազն մնում են օդից կախված եւ անհետեւանք: Իսկապես երկրում ձեւավորվում է անվստահության անառողջ մթնոլորտ, երբ իշխանության նախկին ներկայացուցիչը մեղադրանքներ է ներկայացնում նույն իշխանությանը, իսկ հակառակ կողմը նրան պատասխանում է միայն այն ժամանակ, երբ վերջինս իր դեմ է դուրս գալիս», - ամբողջացված է «Ազգ»-ում՝ ամփոփիչ տարակույսով, որ «հանրապետության նախագահը լրագրողներին է հորդորում... հետաքննություն անցկացնել»:

«Առավոտ»-ի եւ «Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, երեկ Երեւանի Շենգավիթի տարածքում 1000 տեղանոց դահլիճը լեցուն է եղել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ: Ներկաները կոչ են արել արագացնել իշխանափոխությունը, Դեմիրճյանն էլ ձեւակերպել է՝ «Հոկտեմբերի 26 -ի՝ երեք կուսակցությունների համատեղ հանրահավաքով պետք է սկսվի հանրապետությունում ստեղծված այս գաղջ մթնոլորտը կոտրելու գործընթացը»:

«Եռյակի հանրահավաքի ժամանակ կհրապարակվեն այն պատգամավորների անունները, ովքեր արդեն ստորագրել են Քոչարյանի հրաժարականը պահանջող արտահերթ նիստ հրավիրելու փաստաթղթի տակ», - նախանշում է «Հայկական ժամանակ»-ը: - Արամ Սարգսյանը ասել է. «Եթե բոլորը, ովքեր իրենք են եկել ու ինձ ասել, որ ուզում են Քոչարյանի հեռանալը, ստորագրեն, ապա 44-ից անցնելու է այդ թիվը: Իսկ հետո արդեն, փակ գաղտնի քվեարկության ժամանակ վստահ եղեք, որ ընդամենը մեկ կամ երկու պատգամավոր կողմ չի քվեարկի Քոչարյանի հրաժարականին»:

«Ազգ»-ի մեկնաբանի հայացքով էլ՝ «Կհրապարակվե՞ն արդյոք ստորագրահավաքին միացածների թիվը եւ անունները հանրահավաքի ընթացքում՝ մնում է հիմնական հարցը: Հակառակ դեպքում անուղղակիորեն կհաստատեն այն պնդումը, թե արմատականների խնդիրը ոչ թե նախագահափոխությունն է, այլ դրա շարունակական վանկարկմամբ նախընտրական արշավը»:

«ՀԿԿ-ին էլ ժամանակին առաջարկվեց մաս կազմել ՀԺԿ - «Հանրապետություն» - «Ազգային միաբանություն» դաշինքին: Կոմկուսը վերջնականապես մերժե՞լ է այդ առաջարկը»: Կոմունիստ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին պատասխանել է. «Միանշանակ մերժելու կամ կողմ լինելու հարց չի դրվել, որովհետեւ խնդիրը պաշտոնապես չքննարկվեց կուսակցության մեջ»: Թադեւոսյանն ակնարկում է, թե իրենց շուրջ կարող է ձեւավորվել ձախ-սոցիալիստական նախընտրական դաշինք, որը «ներկայիս իշխանության աջակիցներից եւ հակառակ բեւեռում գնտվող ընդդիմադիր դաշինքից դուրս կարող է կատարել երրորդ ուժի գործառույթը եւ լուրջ հաջողություն ունենալ»:

Սրա կողքին, սակայն, «Հայոց Աշխարհ»-ում մի հրապարակում էլ կա, ըստ որի Հայկոմկուսը ոչ միայն երրորդ ուժ դառնալիք չէ, այլեւ արդեն երրորդ բաժանման շեմին է: «Պալատական ներկուսակցական հեղաշրջման հզոր թափանիվը սկսել է պտտվել... Կուսակցության առաջնորդի երանելի տեղի համար թեկնածուներ են նախանշվել Նորիկ Պետրոսյանը, Սանատրուկ Սահակյանը եւ Գագիկ Թադեւոսյանը... մենք շուտով ականատես կդառնանք ՀԿԿ կոմկուսի 3-րդ բաժանմանը, եթե կոմունիստները, որոնք անտարբեր չեն կուսակցության ճակատագրի հանդեպ, անմիջապես չպահանջեն արտահերթ համագումար հրավիրել», - պատկերում է կումունիստների մի խումբ մարմնավորող Հ. Սահակյանը, իր մասով ավետելով, թե «արդեն գործում է Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը, որը շուտով կավարտի համապատասխան փաստաթղթերի նախապատրաստման եւ արդարադատության նախարարությունում գրանցման գործընթացը»:

Վրաստանի նախագահ Շեւարդնաձեի այցի առիթով «Հայաստանի Հանրապետություն» թերթը հարցազրույց է ներկայացնում Հայաստանում Վրաստանի դեսպան Նիկոլոզիշվիլու հետ: Վերջինիս ընդգծումներն են. «Էդուարդ Շեւարդնաձեի հերթական այցը եղբայրական երկիր մեծ ոգեւորություն առաջ կբերի», «այցի շրջանակներում կնքվելիք պայմանագրերը որոշիչ դեր կխաղան՝ էլ ավելի խորացնելու մեր դրկից երկրների հարաբերությունները», «երրորդ երկրի շահերը չեն կարող ներգործել մեր երկկողմ հարաբերությունների վրա»:

Դեսպանը վստահեցնում է՝ «Վրաստանի իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են այն սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք կան Սամցխե- Ջավախեթիի տարածաշրջանում... Նման խնդիրները բնորոշ են նաեւ Վրաստանի այլ երկրամասերին»: Վրաստանի դեսպանը եզրափակել է. «Երկրի ղեկավարությունը առաջիկայում չի նվազեցնի այս բարձրլեռնային տարածաշրջանի եւ նրա աշխատասեր ու իմաստուն բնակչության նկատմամբ հոգատարությունը»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG