Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնական այցը Հայաստան





Ուրբաթ օրը տեղի ունեցավ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուկրաինայի իր գործընկերոջ՝ Անատոլի Զլենկոյի հետ: Երկու նախարարների առանձնազրույցից հետո հանդիպումը ընթացավ ընդլայնված կազմով:

«ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց առանձնազրույցի ժամանակ քննարկված մի շարք հարցեր, նշելով, որ շեշտը դրվել է ԼՂ հարցի կարգավորման վրա: Նա տեղեկացրել է պրն Զլենկոյին խնդրի կարգավորման վերջին զարգացումների մասին, իսկ վերջինս կիսել է իր տպավորությունները Բաքվի հանդիպումներից, առ այն, որ, հակառակ հնչող ռազմատենչ հայտարարությունների, Ադրբեջանի նախագահը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով». - ասվում է ՀՀ արտգործնախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:

Արտգործնախարարները հանդիպումից հետո ստորագրեցին երկու փաստաթուղթ, որոնցից մեկով հիմք է դրվում միջգերատեսչական համագործակցությանը, իսկ մյուսով կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցել գյուղատնտեսության ոլորտում, միջազգային կազմակերպություններում:

Գնահատելով հայ-ուկրաինական հարաբերություների այսօրվա մակարդակը, Հայաստանի արտգործնախարարն ասաց, թե «տնտեսական ոլորտում լուրջ տեղաշարժեր կան», ինչն արտահայտվում է ինչպես առեւտրի ծավալների մեջ, այնպես էլ հայ-ուկրաինական համագործակցության կոնկրետ դրսեւորումներում: Ուկրաինական «Ինտեր Կոնտակտ» ընկերությունը վերջերս դարձել է «Նաիրիտ»-ի համասեփականատեր, ուկրաինացիները հետաքրքրված են Հայաստան-Իրան գազամուղի շինարարությամբ, կամենում են ավելի արդյունավետ օգտագործել Իլիչեւսկ-Փոթի լաստանավային անցումը:

Հայաստանի արտգործնախարարը տեսակետ հայտնեց, որ իր ուկրաինացի գործընկերոջ այցելությունը նոր թափ կհաղորդի եղած դրական միտումներին: Իսկ հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովը որոշել է ապրանքաշրջանառության ծավալները երկու պետությունների միջեւ հասցնել 35-40 միլիոն դոլարի:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Ուկրաինայի արտգործնախարարը ասաց, թե Ուկրաինայի արտաքին քաղաքականության ընդհանուր հիմունքն այն է, որ որեւէ հակամարտություն պետք է լուծվի քաղաքական, խաղաղ միջոցներով՝ հիմնվելով տարածքային ամբողջականության սկզբունքի վրա:

Վարդան Օսկանյանը շտապեց հարթել գործընկերոջ ասածը՝ մեկնաբանելով, թե Անատոլի Զլենկոն չի շեշտադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը: Իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին ակտիվորեն չմասնակցող երկրի համար սա միանագամայն նորմալ տեսակետ է:

Օսկանյանն ասաց նաեւ, որ առանձազրույցի ժամանակ Անատոլի Զլենկոն իրեն տեղեկացրել է, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինան կարող է իր մասնակցությունը բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Ուկրաինայի արտգործնախարարին այսօր ընդունել են նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ինչպես հաղորդել է նախագահի մամլո գրասենյակը, Հայաստանի նախագահը եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Անատոլի Զլենկոն ասել է, որ Ուկրաինան կողմնակից է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով եւ կողջունի կողմերի համար փոխընդունելի ցանկացած որոշում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG