Մատչելիության հղումներ

Հայաստանը կստանա Կառուցվածքային բարեփոխումների վարկի երկրորդ մասնաբաժինը


Ըստ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանի, պետական բյուջեով նախատեսված 50 միլիոն դոլար Կառուցվածքային բարեփոխումների ՍԱՔ-4 վարկի առաջին՝ 15 միլիոն դոլարի մասնաբաժինը Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկից արդեն ստացել ու ծախսել է։ 15 միլիոն դոլարի երկրորդ մասնաբաժինը, թեեւ ուշացումով, ամենայն հավանականությամբ, կստացվի նոյեմբերի սկզբին։

«Պայմանները, հիմնականում արդեն իսկ կատարված են, եւ մենք հույս ունենք, որ նոյեմբեր ամսին կտրամադրվի երկրորդ 15 միլիոն դոլարը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վիգեն Սարգսյանը:

Առավել բարդ է երրորդ՝ 20 միլիոն դոլար կազմող, այսպես կոչված,
«լողացող մասնաբաժինը», որը կապակցված է էլեկտրական բաշխիչ ցանցերի մասնավորեցմանը: Այսինքն՝ կտրվի միայն ցանցերի բարեհաջող վաճառքի դեպքում։

Համաշխարհային բանկը գործընթացի սկզբին հստակ ձեւակերպել է իր պահանջները. բաշխիչ ցանցերի մասնավորեցումը պետք է լինի միջազգային մրցույթի պայմաններին համապատասխան, «բաց ու թափանցիկ», ինչպես նաեւ՝ արտասահմանյան ներդրողների համար օրինակելի ։ Սակայն արդեն հայտնի է, որ մրցույթ, որպես այդպիսին, չի կայանալու, քանի որ ասպարեզում, ըստ էության, մնացել է մեկ ընկերություն` ռուսաստանյան ՌԱՈ ԵԷՍ-ը։ Վերջինս անցել է նախաորակավորման փուլը եւ առաջիկայում ամենայն հավանականությամբ կներկայացնի իր ներդրումային առաջարկը։

Համաշխարհային բանկի փորձագետները ռուսաստանյան ընկերությանը նախաորակավորման վկայագիր տալուն շատ զուսպ են վերաբերում ու առայժմ ձեռնպահ են մնում գնահատականներից։ Ինչ վերաբերում է լողացող մասնաբաժինը հատկացնելուն, ապա Համաշխարհային բանկի տեսակետը, Վիգեն Սարգսյանի մատուցմամբ, հետեւյալն է. «Դա սեփականաշնորհման գործընթացը պիտի ցույց տա: Եթե ինչ-ինչ հանգամանքներ խանգարեն լողացող տրանշին, ապա մենք նախօրոք արդեն իսկ հայտնել էինք, որ սա ոչ թե երկարաձգվող գումար է լինելու, այլ՝ ընդհանրապես չի տրամադրվի»:

Խանգարող հանգամանքների առնչությամբ, որոշ դիտորդներ այն կարծիքին են, որ ռուսաստանյան ընկերության ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում նախաորակավորման պահանջներին: ՌԱՈ ԵԷՍ-ի ֆինանսական վիճակը, մասնավորապես, բարվոք չէ, ու այդ առումով, նրա ներդրումային հնարավորությունները եւ ցանկությունները կասկածահարույց են։

Նման հետեւության համար հիմք է ծառայում այն հանգամանքը, որ ՌԱՈ ԵԷՍ-ը, իր ֆինանսական ճեղքերը փակելու նպատակով, վերջերս ստիպված է եղել 100 միլիոն եվրո վարկ վերցնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից։

Եթե այս հանգամանքն էլ մի կողմի դնենք, ապա ՌԱՈ ԵԷՍ-ի հայտը կարելի է հաջողված ու մրցույթն էլ՝ կայացած համարել, եթե ռուսաստանյան այդ ընկերությունը մրցույթը շահելուց ու ցանցերին տիրանալուց հետո դրանց դիմաց համարժեք գումարներ վճարի, ինչպես նաեւ լուրջ ներդրումային առաջարկ անի։

Փորձագետները հատկապես այս հանգամանքին են թերահավատորեն նայում։ Բանն այն է, որ բաշխիչ ցանցերից բացի ռուսաստանյան ընկերությունը հավակնում է նաեւ Հրազդանի ՊՇԷԿ-ին, որը ստանալու է «գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակներում:

Որոշ տեղեկություններով, կառավարության երեկվա նիստում հաստատված որոշումներից մեկն ընդունվել է հենց ՌԱՈ ԵԷՍ-ի պահանջով: Այդ որոշմամբ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ընկերության հաշվեկշռից 110 կիլովատ հզորության ենթակայանները անհատույց փոխանցվել են էլեկտրաբաշխիչ ընկերությունների հաշվեկշռին, թեեւ, օրենքը արգելում է մասնավորեցնել բարձրավոլտ ցանցերը, որոնց մեջ մտնում են նաեւ նշված ենթակայանները։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG