Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազության վարչության պետ Գեւորգ Դանիելյանի պնդմամբ, մամուլի ասուլիսում նախագահի հրապարակած տվյալները քրեական գործ հարուցելու հիմք չեն կարող հանդիսանալ



Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը


Երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գյումրի կատարած այցելության ավարտին կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին առանց կոնկրետ անուններ տալու, սակայն՝ կոնկրետ ակնարկներով բավականին լուրջ փաստեր հրապարակեց ժամանակին որոշ պաշտոնյաների կատարած չարաշահումների առնչությամբ:

Հանրապետության նախագահի խոսքերով, իր հանձնարարությամբ Երեւան քաղաքի վերաբերյալ ստուգումներ են անցկացրել եւ մի քանի օր առաջ իրեն շատ պարզ տվյալներ են զեկուցել:

«2000 թվականին գույքի օտարումից քաղաքի բյուջեն ստացել է 5 միլիոն դրամ: 2001 թվականին ստացել է 800 միլիոն դրամից ավելի: Խնդրեմ գնահատեք: Չի՞ եղել օտարում գույքի, իհարկե եղել է: Եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի՝ 90 տարով վարձակալության պայմանագրերով, ձրի գրեթե, հարազատներով, բարեկամներով», - երեկ Գյումրիում ասել է նախագահը, առանց տալու Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանի անունը:

Մի քանի իրավաբանների վկայությամբ, ովքեր գերադասեցին իրենց անունները գաղտնի պահել, ինչպես նաեւ քրեադատավարության օրենսգրքի 176 հոդվածով, մամուլի ասուլիսում հնչեցրած եւ ապա լրատվամիջոցներով հրապարակված տվյալները քննություն անցկացնելու համար լիովին կարող են հիմք ծառայել:

2000 թվականին պաշտոնավարած քաղաքապետ Ալբերտ Բազեյանի օրոք կատարված մի շարք չարաշահումներ եղել են: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանի վկայությամբ էլ՝ քրեական գործեր են հարուցվել: Համաներման մասին օրենքն ընդունելուց հետո մի քանի գործեր կարճվել են, բացահայտված մի շարք փաստերով ընդհանրապես քրեական գործ չի հարուցվել, սակայն դրանցից եւ ոչ մեկով որեւէ փաստ չի եղել, որը վկայեր այդ ժամանակվա քաղաքապետի կատարած հանցագործությունների մասին:

Գեւորգ Դանիելյանը նաեւ պնդեց, թե մամուլի ասուլիսում հնչեցրած այս տվյալները քրեական գործ հարուցելու կամ քննություն սկսելու հիմք չեն կարող հանդիսանալ:

Անանուն մնալ ցանկացած այլ իրավաբանները, սակայն, համոզված են, որ նման տվյալները բավարար հիմք են: Բացի այդ, ըստ նույն աղբյուրների, իրավական պետության նախագահն ինքը է չէ, որ պետք է նման տվյալներ հրապարակեր: Մեր երկրի Սահմանադրությամբ, հանրապետության նախագահն ապահովում է դատական իշխանությունների բնականոն գործընթացը: Իրավական պետությունում նման տվյալներ ունենալու դեպքում իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցում, նախաքննություն անցկացնում, համոզիչ ապացույցներ են ձեռք բերելուց հետո միայն մեղադրանք առաջադրում, իսկ վերջում գործը հանձնում դատարանին, որպեսզի դատարանը ապացուցի այս կամ այն անձի մեղքը:

«Ես ուղղակի ձեզ կառաջարկեի՝ որպես լրագրողների, դուք փորձեք ուսումնասիրեք այդ նախկին պաշտոնյաների գործունեությունը պաշտոնավարման ժամանակ եւ հրապարակեք դուք ինքներդ այդ թվերը», - ասաց Ռոբերտ Քոչարյանը, առանց կոնկրետ անուններ տալու: - «Քանի որ նաեւ դուք եք լռում, նման ուսումնասիրություններ չեք անում, նաեւ իշխանությունները ինչ-որ տեղ, գիտեք, քաշվելով ինչ-որ բաներից՝ մեկը մեկի բարեկամ, եղբայր եւ այլն, հենց չէինք ուզում վիրավորել զուտ նման կարգի, այսպես ասենք, զուտ բարոյական՝ հիշատակի, առումով: Բայց մարդիկ չեն հասկանում, ուրեմն պետք է հիշեցնել»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG