Մատչելիության հղումներ

Փաուելը դիմել է Կոնգրեսին 907 բանաձեւը կասեցնելու խնդրանքով


907 բանաձեւի գործողությունը կասեցնելու մասին Կոնգրեսին ուղղված Բուշի վարչակազմի խնդրանքում նշված է, որ Ադրբեջանը միացել է ահաբեկչության դեմ պատերազմին, իրավունք է տվել Միացյալ Նահանգներին օգտվել իր օդային տարածքից եւ օգտագործել ռազմական օդակայանները, համագործակցում է հետախուզության բնագավառում: Այսպիսի հիմնավորմամբ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելը դիմել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբին:

Նամակում Բուշի արտաքին գերատեսչության ղեկավարը համոզում է ամերիկացի օրենսդիրներին, որ Ազատության աջակցության ակտի 907 բանաձեւը խիստ սահմանափակում է ԱՄՆ-ի կարողությունը Ադրբեջանին տրամադրել օգնություն, որն անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պատերազմին արդյունավետ աջակցելու համար: 907 բանաձեւը արգելում է Միացյալ Նահանգների կառավարությանը օժանդակել Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չի դադարեցրել Հայաստանի տնտեսական շրջափակումը: 907 բանաձեւն, ըստ էության, ամերիկյան կառավարությանը թույլ չի տալիս ֆինանսական գործառնության մեջ մտնել Ադրբեջանի հետ: 0րինակ, եթե ամերիկյան կառավարությունը ցանկանում է գումարներ կամ տեխնիկական սարքավորումներ հատկացնել ադրբեջանական հետախուզական ծառայություններին՝ բեն Լադենի Ալ-Քայդա կազմակերպության դեմ ավելի արդյունավետ լրտեսելու համար, ապա ԱՄՆ-ը դա կարող է անել միայն օրենքը խախտելով:

«Մենք շտապ պետք է օգնենք ադրբեջանական հետախուզությանը եւ իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ ադրբեջանական ֆինանսական հաստատություններին Ալ-Քայդա ահաբեկչական ցանցի բանկային հաշիվները գտնելու եւ սառեցնելու նպատակով», - գրված է ԱՄՆ-ի Սենատին ուղղված Քոլին Փաուելի նամակում:

Բուշի վարչակազմը չի թաքցնում, որ ցանկանում է ռազմական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին՝ երկրի ներսում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ արդյունավետ պայքար ծավալելու համար: Քոլին Փաուելը խնդրել է սենատորներ Ջոզեֆ Բայդընին եւ Ջեսի Հելմսին օգնել անցկացնելու օրենքի գործողությունը դադարեցնող օրինագիծը:

Ըստ ամերիկյան օրենքների, ցանկացած նախագահ իրավունք ունի դադարեցնել որեւէ օրենքի գործողություն՝ եթե կարողանա հիմնավորել, որ այդ օրենքը հակասում է ազգային շահերին: Տվյալ դեպքում ԱՄՆ-ի վարչակազմը փորձում է ապացուցել ամերիկյան օրենսդիրներին, որ ԱՄՆ-ի ազգային շահերը պահանջում են օգնություն ցուցաբերել Ադրբեջանին եւ որ 907 բանաձեւը հակասում է ամերիկյան շահերին:

Ամերիկայի հայկական լոբբիի ջանքերով ընդունված 907 բանաձեւի հակառակորդները այն չեղյալ հայտարարելու համար պայքարը սկսել են, կարելի է ասել, բանաձեւի ընդունման առաջին իսկ օրվանից: Քլինտոնի վարչակազմը բազմաթիվ փորձեր է կատարել կասեցնելու այդ բանաձեւի գործողությունը, վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաեւ նախկին պետքարտուղար 0լբրայթը փորձել են համոզել օրենսդիրներին, թե բանաձեւը սահմանափակում է Կովկասում արդյունավետ արտաքին արտաքին քաղաքականություն վարելու ԱՄՆ-ի կարողությունը: Իսկ սենատոր Բրաունբաքը, նույնիսկ հատուկ օրինագիծ ներկայացրեց՝ «Մետաքսի ճանապարհ», որը եթե անցներ, 907 բանաձեւը չեղյալ պետք է համարվեր: Բրաունբեքը, սակայն, ձախողվեց: Ամերիկացի սենատորը այժմ էլ փորձում է նման մի օրինագիծ անցկացնել Սենատում:

Կհաջողվի՞, արդյոք, Բրաունբաքին կամ վարչակազմին հավաքել անհրաժեշտ ձայներ՝ 907 բանաձեւը կասեցնելու համար: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի հանրապետական անդամ Ջեսի Հելմսը համաձայն է, որ 907 բանաձեւը կասեցվի: Առայժմ հայտնի չէ, թե ինչ կարծիքի է դեմոկրատ սենատոր Ջոզեֆ Բայդընը: Սակայն պատերազմը ահաբեկչության դեմ շատ բան է փոխել: Փոխվել է նաեւ 907 բանաձեւի աջակիցների կարծիքը: 907 բանաձեւի կասեցումը, թվում է թե, անխուսափելի է, եւ հայկական կազմակերպությունները Վաշինգտոնում, թեեւ շարունակում են պայքարել դրա դեմ, սակայն ընդունում են, որ ճկունություն պետք է ցուցաբերել այս հարցում:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արփի Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում ասաց, որ Ամերիկայի հայկական համագումարը միարժեքորեն դեմ է, որ վերացվի 907 բանաձեւը կամ ժամանակավորապես դադարեցվի դրա գործողությունը:

«Մենք աշխատում ենք Ամերիկայի կոնգրեսի եւ ադմինիստրացիայի հետ, որ ճկուն եւ հետաքրքիր լուծումներ գտնենք, որ ահաբեկչությունը ընդհանրապես վերացվի Ադրբեջանից, քանի որ ահաբեկչությունը Ադրբեջանում մեծ հարց է առաջացնում հայերի համար ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում», - ասաց Արփի Վարդանյանը:

Ըստ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենի պաշտոնակատարի, հարցը քննարկվելու է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբում՝ պետդեպարտամենտի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG