Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ն, այնուամենայնիվ, բաժանորդներին է ներկայացնում րոպեավճարի հաշիվները


Երեւանի փոստային բաժանմունքներում արդեն կան հեռախոսային բաժանորդային վճարների սեպտեմբեր ամսվա ցուցակները՝ ներառյալ րոպեավճարը: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը երեկ պաշտոնական գրություն է հղել «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրենին՝ նշելով, որ սեպտեմբերի 1-ից րոպեավճար չկիրառելու իր պաշտոնական հանձնարարականը խախտվել է, քանի որ «ԱրմենՏել»-ը հաշիվներ է ներկայացրել բաժանորդներին:

Անդրանիկ Մանուկյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում մեկ անգամ եւս նշեց, որ «ԱրմենՏել»-ն իր պայմանագրային պարտավորություններն ամբողջովին չի կատարել, եւ վերստին կրկնեց բաժանորդներին ուղղված հայտարարությունը՝ չմուծել րոպեավճարը:

Իսկ «ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գեորգուլասը եւ Հայաստանում ինտերնետային ծառայություններ տրամադրող «Արմինկո» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանյանը այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ հայտարարելու համատեղ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծման մասին՝ «Ինֆոկոմ» նախնական անվանումով:

Ինչպես ասաց «Արմինկո»-յի գլխավոր տնօրեն Ալեքսանյանը, նորաստեղծ ընկերության նպատակը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն է, ինտերնետային բարձրորակ կապի ապահովումը:

«Արմինկո»-ն «ԱրմենՏել»-ից գնել է «Ինֆոկոմ»-ի բաժնետոմսերի 49 տոկոսը: Նոր ընկերության ղեկավարումը վերապահված է «Արմինկո»-յին: Բաժնետոմսերի մնացած 51 տոկոսը մնում է «ԱրմենՏել»-ին, որը նորաստեղծ ընկերության տրամադրության տակ է դնելու այսօր ունեցած տեխնիկական բոլոր հնարավորությունները:

«Արմիկո»-յի գլխավոր տնօրենը չկամեցավ մասնավորեցնել իրենց ներդրումների չափը նորաստեղծ ընկերությունում: Ասաց միայն, որ «ժամանակի ընթացքում բավականին կիջնեն սակագները»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք «Ինֆոկոմ»-ի ստեղծման նպատակներից մեկն էլ այն չէ, որ «ԱրմենՏել»-ը հետագայում ավելի հարթ կարողանա լուծել մենաշնորհի հետ կապված իր խնդիրները, Նիկոս Գեորգուլասը ասաց, որ մենաշնորհի հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում ոչ հիմա, ոչ էլ ապագայում: «Նոր ընկերության ստեղծման փաստը վկայում է», - ավելացրեց Գեորգուլասը, - «որ «ԱրմենՏել»-ը հավատում է այս երկրի ապագային՝ անկախ ճգնաժամերից, միշտ պատրաստ է ներդրումներ անել այս երկրում»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG