Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովը զեկույց է պատրաստում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին





Հայաստանում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի պատվիրակությունը, որը գլխավորում է Հայաստանի հարցով համազեկուցող, Սլովակիայի ներկայացուցիչ Իրենա Բելոհորսկան:

Պատվիրակությունն արդեն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Նուբարաշենի մեկուսարան, Կոշի աշխատանքային գաղութ, հանդիպումներ է ունեցել հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այսօր պատվիրակությունը հանդիպում ունեցավ Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ: Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին հետաքրքրում էր, թե ինչպես են իրականացվել ԶԼՄ-ների մասով Հայաստանի ստանձնած պարտավորությունները, արդյո՞ք պետական հովանավորությունը վայելող հանրային հեռուստատեսությունը իրոք հանրային բովանդակություն է ստացել:

Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո ԵԽ ԽՎ ներկայացուցիչները կարծես այն տպավորությունը ստացան, որ Հայաստանում խոսքի ազատության առումով լուրջ խնդիրներ գոյություն չունեն, թեեւ, մի կողմից, մամուլում եւս նկատելի են անպատասխանատվության դրսեւորումներ, իսկ մյուս կողմից՝ իշխանություններն անուշադրության են մատնում մամուլի հրապարակումները:

Ծրագրված են մոնիտորնգի հանձնաժողովի պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի, արդարադատության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Թե ինչ հարցեր են արծարծվելու առաջիկա հանդիպումների ժամանակ, ինչպես նաեւ՝ ինչպիսին են տպավորությունները արդեն կայացած այցելություններից ու հանդիպումներից, հանձնաժողովի անդամները խուսափեցին խոսել, քանի որ իրենց աշխատանքը դեռ ընթացքում է եւ Հայաստանի մասին զեկույցը նախ պիտի քննարկվի փակ նիստում:

Ընթացիկ տարվա հուլիսին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում գործող «Ագոյի խմբի» պատվիրակությունն էր Հայաստանում եւ Ադրբեջանում ուսումնասիրում այդ երկրների ԵԽ-ին անդամակցության ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG