Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Առավոտ»-ի մեկնաբանի, «այն մեղադրանքները, որոնք առաջադրված են Մ.Սաղաթելյանին, խորապես քաղաքական են, իսկ ավելի ճիշտ՝ խիստ անձնական՝ պայմանավորված Սաղաթելյանի՝ նախագահ Քոչարյանին հասցրած վիրավորանքով»: Սաղաթելյանից էլ քաղբանտարկյալ սարքեցին, իսկ դրա համար հատուկ տաղանդ էր պետք, - հեգնում է մեկնաբանը, հեռանկարի առումով էլ՝ - «անկախ այն բանից, թե Մ.Սաղաթելյանի նկատմամբ հնարավոր դատավարությունն ինչ հունով կընթանա, եւ կամ դատավորն ինչ վճիռ կկայացնի դրա արդյունքում, ակնհայտ է, որ այն... Քոչարյանի համար կդառնա իսկական հակաքարոզչական արշավ, այն էլ՝ 2003-ի նախագահական ընտրությունների շեմին»:

«Դատավարությունն ակամա կարող է վերածվել «27»-ից անջատված մասով դատավարության», - եզրափակել է մեկնաբանը: - «Այսօր արդեն Մ.Սաղաթելյանի կալանավորման փաստը խոստանում է դառնալ ներքաղաքական զարգացումների կատալիզատոր»:

Պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը «Հայոց Աշխարհ» թերթում շեշտադրում է. «Առագաստ» սրճարանի դեպքը «մատի փաթաթան դարձնողները թող հիշեն, որ նախկին իշխանությունների ժամանակ մարդուն հրավիրում էին առանձնասենյակ, խեղդում խալու վրա, վերջում կրակում գլխին, հետո էլ ասում՝ ինքնասպան եղավ: Իսկ «Առագաստ»-ի դեպքի հետ կապված, կարծում եմ, նախաքննությունը ամեն ինչ կպարզի: Հիմա մենք հհշական Հայաստանում չենք ապրում»: Նույն հարցազրույցի շարունակությունում, սակայն, Եղիազարյանը պնդում է նաեւ, թե «ՆԳՆ-ում եւ այլ տեղերում մինչեւ օրս նստած են Վանո Սիրադեղյանի կադրերը»: Իսկ վերջինիս հետ կապված կրկին ընդգծել է՝ «Սիրադեղյանը պրծում չունի իր զոհերի հարազատներից: Ովքեր նրա անվտանգությամբ մտահոգ են, պետք է մտածեն, որ ամենաապահով տեղը խուցն է»:

Ուղիղ տասը տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան նախագահական առաջին ընտրությունները, ուր շռնդալից հաղթանակ տարավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, - անդրադարձել է «Երկիր» թերթի մեկնաբանը, գնահատելով. - «Դա, ըստ էության, Արցախի ազգային-ազատագրական պայքարի ալիքի վրա ձեւավորված քաղաքական խմբավորման հաղթանակների գագաթնակետն էր, որից հետո ութ տարի շարունակ տեսանք նրա բարոյաքաղաքական անկումը մինչեւ օրինաչափ եզրահանգումը՝ 1998 թվականի փետրվարյան իշխանափոխությունը»:

Սահմանելով, որ այսօր հայտնի հոռի բարքերը ծնունդ առան առաջին նախագահի իշխանության սկզբնավորմամբ, մեկնաբանն ի վերջո տագնապ է հնչեցնում, թե այսօր էլ «ՀՀՇ-ն մեծ քաղաքականություն վերադառնալու ուղիներ է նախատեսում... եւ չի բացառվում, որ մի օր հակաքոչարյանական ուժերը, որպես թիվ մեկ թեկնածու, կտան Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, որպեսզի նա հնարավորություն ունենա ավարտելու այն ծրագրերը, որ այդպես էլ կիսատ մնացին: Այսինքն՝ Հայաստանը կապել Թուրքիայի եւ Արեւմուտքի պոչին», - լրացյալ լուսաբանում է «Երկիր»-ը:

«Քաղաքական ո՞ր ուժերի վրա է հենվելու Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի նախագահական ընտրություններում». «Հայկական ժամանակ»-ի այս հարցին ի պատասխան, նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը ակնարկում է, որ մեր պայմաններում քաղաքական ուժեր ասվածը առանձնապես մի բան չէ, «շատ հնարավոր է, որ քաղաքական տվյալ գործչին սատարող կուսակցությունների վարկանիշերի հանրագումարը ավելի ցածր լինի, քան այդ քաղաքական գործչինը»: Ամեն դեպքում, «այս պահին ինձ հայտնի չէ, թե Քոչարյանը քաղաքական գործող կամ նորաստեղծ որ ուժերի վրա է շեշտադրում անելու», - ասում է Արտաշես Թումանյանը:

Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հիմքում դրվող խնդիրներին, Արտաշես Թումանյանը, մասնավորապես, արժեվորել է. - «Ո՞վ ասաց հասարակությունը, պետությունը բացի հոկտեմբերի 27-ից ընդհանրապես այլ կարեւոր խնդիրներ չունեն: «Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մենք պետություն չենք» հայտարարություն անողների մի մասը, դժբախտաբար, ոչ թե հետապնդում է բացահայտումը ինքնին, այլ ցանկանում անելանելիության եւ հուսահատության տպավորություն ստեղծել»: Ընդհանրապես, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե «որքան փոքր ու փխրուն է աշխարհը: Ավելի զգույշ ու հաշվենկատ պետք է լինենք այսօր, արհեստականորեն չսրենք իրավիճակը», - հորդորում է նախագահի աշխատակազմի ղեկավարը:

«Թեպետ Վրաստանը վերջին շրջանում պրոբլեմներ ունի Ռուսաստանի հետ եւ գրեթե նույնքան անբարեհաճ է նաեւ մեր հանդեպ, սակայն Հայաստանը չի ցանկանում տարածաշրջանում ձեռք բերել եւս մեկ թշնամի», - խմբագրականում պահվածք է գնահատում «Առավոտ» թերթը, այստեղ էլ հանգելով հետեւյալ մտահոգությանը. - «Մարդկայնորեն միանգամայն հասկանալի սխալվելու վախը մեր իշխանավորներին կարող է անգործության մատնել»։

Իսկ հայ-ռուսական հարաբերությունների մոտիվներով «Առավոտ»-ի խմբագիրն այսօր շեշտում է. «Ախպերության ժամանակն անցել է. «Իտեռան» եւ «ՌԱՈ ԵԷՍ»-ը մեր դայակը չեն լինելու: Միամտություն է կարծել, թե դարավոր եղբայրությունը հաշվի առնելով, որեւէ մեկը մեզ թույլ կտա չվճարել գազի կամ էլեկտրաէներգիայի դիմաց կամ քիչ վճարել, կամ գողանալ այդ ապրանքը: Բաշխիչ ցանցերի տերը կարող է անձամբ շատ սիրել հայերին, նա կարող է նույնիսկ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց այդ անձնական զգացմունքները նա դժվար թե խառնի իր բիզնեսի շահերի հետ: Որքան շուտ հասկանանք դա, այդքան լավ մեզ համար»:

Այն, որ «ԲԷՑ-երի մասնավորեցման մրցութային հանձնաժողովը շաբաթ օրը շտապ կարգով ընդունել է «ՌԱՈ ԵԷՍ»-ի նախաորակավորման փաստաթղթերը», «Հայկական ժամանակ» թերթը գնահատում է «միջպետական շանտաժի արդյունք, քանզի դրանից առաջ ռուսական «Իտեռա» ընկերությունը սպառնացել էր դադարեցնել Հայաստանի գազամատակարարումը»: Իսկ դա «հատկապես այս օրերին կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, քանի որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի աշխատելու ատոմակայանը, եւ Հայաստանը կարող է էներգիայի դեֆիցիտի առջեւ կանգնել»:

«Ազգ» թերթն էլ այսօր մատնանշում է մյուս կրակը, ուր կարող ենք ընկնել ռուսաստանյան ընկերության հաղթանակով. եթե այդ ընթացքը համաշխարհային բանկին բարկացրեց, սա էլ վարկերի հատկացումը բարդացրեց՝ Հայաստանի պետական բյուջեն ավելի կցամաքի՝ իր սոցիալական հետեւանքներով:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG