Մատչելիության հղումներ

Հանձնաժողովի անդամներն ասում են, որ տեղեկություն չունեն ԱՄՆ-ի կողմից իրենց աշխատանքների համար տրամադրված օգնության մասին


Ընթացիկ տարվա հուլիսին ստեղծված Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամները երկուշաբթի օրը ասել են, որ տեղեկություն չունեն Միացյալ Նահանգների կառավարության կողմից իրենց գործունեությանը ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին:

Նախաձեռնությանը դեմ հանդես եկող Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն շաբաթ օրը, մեջբերելով Կոնգրեսի հետազոտական խմբի վերջին զեկույցը, հայտնում է, որ Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը «ֆինանսական օգնություն է տրամադրել Հանձնաժողովի աշխատանքներին»:

ԱՄՆ կառավարությունը մինչեւ այժմ հերքել է իր անմիջական մասնակցությունը Հայաստանում եւ Սփյուռքում թեժ բանավեճերի առարկա դարձած հաշտեցման նախաձեռնությանը: Նախաձեռնությունը քննադատողները այն համարում են Թուրքիայի կողմից օգտագործվող հնարք՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը խոչընդոտելու համար: Հանձնախմբի անդամները, հակառակ դրան, պնդում են, որ իրենց աշխատանքը կարող է հիմք դառնալ հետագայում Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման համար:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի պնդմամբ, Կոնգրեսի հետազոտական խմբի զեկույցը վկայում է Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի ստեղծմանն ու աշխատանքներին Միացյալ Նահանգների անմիջական մասնակցության մասին:

Հայկական մյուս ազդեցիկ կազմակերպությունը՝ Ամերիկայի հայկական համագումարը, նախաձեռնության ջատագովներից է: Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Վան Գրիգորյանը 10 անդամ ունեցող Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի 4 հայ անդամներից մեկն է: «Սկզբից ի վեր Միացյալ Նահագների կառավարությունն ասել էր, որ աջակցում է մեզ», - երկուշաբթի օրը ասաց Վան Գրիգորյանը: - «Այնպես որ, չեմ կարծում, թե դա անակնկալ է»:

Վան Գրիգորյանը, սակայն, ինչպես նաեւ հանձնախմբի հայ անդամներից Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ պաշտոնաթող դիվանագետ Դավիթ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված առանձին հարցազրույցներում չհերքեցին եւ չհաստատեցին հանձնախմբին Միացյալ Նահանգների կառավարության կողմից տրամադրվող օգնության մասին հաղորդագրությունը:

«Ես նման տեղեկատվություն չունեմ», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը: Իսկ Դավիթ Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ես չեմ տեսել, որ ԱՄՆ-ի որեւէ պաշտոնատար անձ միջամտի մեր աշխատանքին»:

«Նրանք (Պետական դեպարտամենտը) ասում են, որ սա մասնավոր նախաձեռնություն է, եւ այդպես էլ կա, սակայն իրենք աջակցում են դրան», - «Ազատություն» ռադիոկայանին Նյու Յորքից հեռախոսով ասաց Վան Գրիգորյանը:- «Գուցե ինչ-որ դրամաշնորհներ տալիս են: Հանձնաժողովի հայ անդամները, սակայն, Պետական դեպարտամենտից որեւէ ֆինանսական աջակցություն չեն ստացել»:

Հանձնախմբի երեք անդամների պնդմամբ, ծախսերի մեծ մասը հոգում է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան: Նրանց խոսքերով, իրենք տեղյակ չեն, թե ակադեմիան որեւէ ֆինանսավորում ստացե՞լ է ԱՄՆ կառավարությունից, թե՞ ոչ: Մինչեւ հուլիսի 9-ին հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարելը, դրա հայ եւ թուրք անդամները մի քանի գաղտնի հանդիպումներ էին ունեցել Վիեննայում:

Ըստ Կոնգրեսի զեկույցի, Պետդեպարտամենտի օգնությունը եղել է Վաշինգտոնում գտնվող Ամերիկյան համալսարանին տրված դրամաշնորհի ձեւով՝ համալսարանի «հակամարտությունների լուծման ծրագրին, որն աջակցում է հանձնաժողովի աշխատանքներին»: Վան Գրիգորյանի խոսքերով, սակայն, համալսարանի ծրագիրը «երբեք մաս չի կազմել հանձնախմբին»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG