Մատչելիության հղումներ

Բաշխիչ ցանցերի մասնավորեցման հանձնաժողովն ընդունել է ՌԱՈ ԵԷՍ-ի փաստաթղթերը


Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնավորեցման հանձնաժողովի անդամ, Ազգային Ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նախաորակավորման փուլն անցած հինգ ընկերություններից առավել հավանական է երկուսի՝ իսպանական «Յունիոն Ֆենոսա»-յի եւ ռուսաստանյան ՌԱՈ ԵԷՍ-ի մասնակցությունը: Մյուս ընկերությունները այս կամ այն պատճառով հետաքրքրված չեն էլեկտրաէներգիա բաշխող Հայաստանի ցանցերի մասնավորեցման խնդրով:

Սեպտեմբերի վերջին, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում «Յունիոն Ֆենոսա»-յի պաշտոնյաներից մեկը հայտնել էր, որ ընկերությունը չի մասնակցելու Հայաստանի բաշխիչ ցանցերի միջազգային մրցույթին: ««Յունիոն Ֆենոսա»-ն առայժմ հետաքրքրված չէ մեր ցանցերով, սակայն խնդրել է, որ մենք իրենց տեղյակ պահենք գործընթացի զարգացման մասին: Կարծում եմ, որ դեռ իր վերջին խոսքը մասնակցել-չմասնակցելու մասին «Յունիոն Ֆենոսա»-ն չի արտահայտել», - այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գագիկ Մինասյանը:

Գագիկ Մինասյանը հայտնեց նաեւ, որ շաբաթ երեկոյան վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցած բաշխիչ ցանցերի մասնավորեցման հանձնաժողովի նիստում կառավարությանը խնդրել է փոխել ցանցերի մասնավորեցման ժամանակացույցը:

Այդ նիստում որոշվել է նախաորակավորման փուլում ընդունել նաեւ ռուսաստանյան ՌԱՈ֊ԵԷՍ֊ի փաստաթղթերը: Հայաստանի կառավարությունը արդեն երկու անգամ հետաձգել էր ՌԱՕ֊ԵԷՍ֊ի նախաորակավորումը՝ պատճառաբանելով, թե փաթեթում որոշ փաստաթղթեր պակասում են եւ որ եղած որոշ տվյալներ ճշտման կարիք ունեն. վստահելի աղբյուրներից ստացված տեղեկություններով, ընկերության աուդիտի թվերը բավական տխուր պատկեր էին ներկայացնում՝ ընկերությունը սնանկացման եզրին է: Ըստ նույն աղբյուրի, այս կարճ ժամանակահատվածում ՌԱՕ֊ԵԷՍ֊ը նոր աուդիտ, նոր թվեր է ներկայացրել:

Մինչդեռ դոնոր կազմակերպություններն իրենց հերթին անհանգստացած են, թե ՌԱՈ֊ԵԷՍ֊ի հաղթանակն արդեն իսկ կանխորոշված է: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը անցած շաբաթ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ վաճառքի գործընթացը ոչ թե քաղաքական, այլ մրցութային եղանակով է իրականացվելու:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց, որ որեւէ մեկնաբանությունից իրենք առայժմ ձեռնպահ են մնում. հարցեր կան, որոնք ճշտում են կառավարության հետ:

Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնավորեցման առաջին մրցույթը այս տարվա գարնանը տապալվեց՝ հայտեր չլինելու պատճառով: Ընթացիկ աշնանը անցկացվելիք մրցույթի պայմանները նախորդի համեմատ փոփոխվել են՝ ցանցերը պոտենցիալ գնորդների համար առավել հրապուրիչ դարձնելու նպատակով:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG