Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանությանը նվիրված վեպի հեղինակը Հայաստանում


Այս օրերին Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանությանը նվիրված «Վերջին մտքի հեքիաթը» վեպի հեղինակը՝ գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթը: Հայաստանի գրողների միությունում վերջինիս մեծարման ժամանակ բազմիցս շեշտվեց, որ Արմին Վեգները, Ֆրանց Վերֆելը եւ Էդգար Հիլզենրաթը միասին կարողացել են անել ավելին, քան բազմաթիվ քաղաքագետներ՝ մեր ժողովրդի ողբերգությունը աշխարհի շատ ժողովուրդներին հասցնելու ուղղությամբ: Հայոց ցեղասպանությանը նվիրված նրանց վեպերը հրատարակվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:

«Գերմանիան դեռեւս քար լռություն է պահպանում հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, բայց պիտի ասել, որ գերմանագիր երեք գրողներ հսկայական ներդրում են կատարել ցեղասպանության միջազգային ճանաչման բնագավառում», - ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Ծագումով հրեա, գերմանացի գրող Հիլզենրաթը ասաց, որ «Վերջին մտքի հեքիաթը» գրքի համար նյութեր հավաքել է ավելի քան քսան տարի, իսկ գիրքը գրել է ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ 1987 թվականին: Գրքի եթեք հատորները թարգմանվել ու հրատարակվել է հայերեն 90-ական թվականներին:

Էդգար Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպի բեմականացումն այս շաբաթ երեւանցիներին ներկայացրեց Գերմանիայի Ֆելբակ քաղաքի «Պոլիգոն» թատրոնը: Բեմականացման հեղինակ ու գլխավոր ռեժիսոր Պետեր Հաուզերի խոսքերով՝ - «Շատ երկար ենք աշխատել այդ թեմայի վրա եւ հասկացել ենք, որ հնարավորին չափ բարձրաձայն պետք է խոսել այդ մասին»:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG