Մատչելիության հղումներ

Հայաստանի օդային տարածքը չի օգտագործվել Աֆղանստանում սկսված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում


Հայաստանի օդային տարածքը վերջին օրերին ամերիկյան օդուժի կողմից չի օգտագործվել, իսկ առաջիկա օրերի համար «մենք հայտ չենք ստացել», հինգշաբթի օրը ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ավելացնելով. - «Ստանալու դեպքում, ամենայն հավանականությամբ, կտանք մեր համաձայնությունը»:

Խոսելով հոկտեմբերի 7-8-ը Դուշամբեում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) անդամ երկրների անվտանգություն խորհուրդների քարտուղարների արտահերթ նիստի մասին, Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներ՝ կապված Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանում սկսած հակաահաբեկչական գործողությունների հետ:

Նիստին մասնակցել են նաեւ ՀԱՊ-ին չանդամակցող ԱՊՀ երկրների (բացի Թուրքմենիայից) անվտանգության խորհուրդների քարտուղարները:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը ասաց, որ ստեղծվել են տարածաշրջանային համատեղ ուժեր «Միջին Ասիայում՝ Ռուսաստանի եւ միջինասիական հանրապետությունների մասնակցությամբ, մեր ուղղությամբ՝ հայ-ռուսական համատեղ զորախումբ»: Նրա խոսքերով, դեռեւս դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Հայաստանի մասնակցությունը:

«Մեր զորքերի մասնակցությունը Ազգային ժողովի խնդիրն է, թեեւ չեմ կարծում, թե այդպիսի խնդիր կլինի: Ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, համենայնդեպս, անպայման կառաջանան», - ասաց պաշտպանության նախարարը:

Սարգսյանն ասաց, որ Ռուսաստանի կողմից Դուշամբեում առաջարկություն է եղել ստեղծել միջպետական մարմին, որը յուրաքանչյուր երկրում կհամակարգի բոլոր ներկայացուցչական մարմինների աշխատանքը՝ հակաահաբեկչական պայքարի առումով:

«Խոսքն այն մասին է, - ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, - «որ յուրաքանչյուր երկիր այդ կոմիտեում ներկայացված լինի մեկ անձնավորությամբ, որը պետք է երկրում կոորդինացնի հակաահաբեկչական գործողությունները»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG