Մատչելիության հղումներ

Երրորդ եռամսյակում հարկերը թերհավաքագրվել են


Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի համար պլանավորված 46 միլիարդ դրամի պետական եկամուտներից հնարավոր է եղել հավաքել ընդամենը 38 միլիարդը, հինգշաբթի օրը ասել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նախարարը նաեւ որոշ տեղեկություններ է հաղորդել հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի մասին:

Կառավարության այսօրվա նիստի ընդմիջմանը Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, թե այս տարվա երրորդ եռամսյակի համար պլանավորված 46 միլիարդ դրամի պետական եկամուտներից հնարավոր է եղել հավաքել ընդամենը 38 միլիարդը, ընդ որում, հարկերը պակաս են հավաքվել 7 միլիարդ դրամով։

Թե ի՞նչ պատճառներով է պետական գանձարան ծրագրվածից ավելի քիչ գումար մտել, նախարարը այսօր անորոշ մի բացատրություն տվեց, հարցը վերահասցեագրելով պետական եկամուտների նախարարին: Իսկ պետեկամուտների նախարարը առայժմ լռում է։

Այս տարվա առաջին կիսամյակում գործարարներից խոշոր չափերի կանխավճարներ են հավաքվել, այսինքն՝ մարդիկ հարկեր էին մուծել ոչ թե կատարած, այլ կատարելիք գործարքներից: Ուստի այժմ, փաստորեն, աշխատում են առանց հարկեր վճարելու։ Բացի այդ, երրորդ եռամսյակում ծրագրվածից չափազանց քիչ հարկեր է վճարել էներգետիկ համակարգը։

Վարդան Խաչատրյանի խոսքերով, թերհավաքագրված 7 միլիարդ դրամից 5 միլիարդը փոխանցել են չորորդ եռամսյակ։

Ֆինանսների նախարարն այսօր որոշ տեղեկություններ հաղորդեց նաեւ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի մոտեցումների մասին։ Նախագիծը, ավելի ճիշտ՝ նրա մի քանի տարբերակները, այժմ ինտենսիվորեն մշակվում եւ քննարկվում են։

2002 թվականի բյուջեն էապես տարբերվելու է այս տարվա բյուջեից: «Որոշ ծախսեր կրճատվելու են, որոշ ծախսեր կավելանան... Մենք փնտրում ենք տարբերակներ, որ կարողանանք եւ' ուսուցիչների, եւ' թոշակառուների, եւ' բյուջետային հիմնարկների աշխատողների համար որեւէ փոփոխություն կատարել մյուս տարի», - ասաց Վարդան Խաչատրյանը:

Ամենայն հավանականությամբ, կկրճատվի պետական կառավարման ապարատը, նախնական տվյալներով՝ շուրջ 30 տոկոսով։ Հաջորդ տարվա բյուջեն, թերեւս, ավելի ռիսկային է լինելու, քանի որ մեծանում են արտաքին պարտքի սպասարկման ծախսերը, բացի այդ, ըստ նախարարի, միջազգային ֆինանսական կազմակերպություններից նոր պարտքեր ստանալ-չստանալու խնդիր կա, անհրաժեշտ է նաեւ մարել նախորդ տարիներից փոխանցված բազմամիլիարդ բյուջետային պարտքերը։

Հաջորդ տարվա բյուջետային եկամուտները կավելանան, սակայն, ինչքա՞ն, նախարարը հստակ չգիտի. «Ես առաջարկել եմ այնպիսի եկամուտներ, որոնք ներշնչում են, որ պետք է եւ' կոռուպցիան քչանա, եւ' ստվերը քչանա, եւ' տնտեսությունը առաջ գնա: Բայց հասկանալի է, որ մեկ տարում հնարավոր չէ: Քննարկումներ են գնում, կան օպոնենտներ»:

2002 թվականի բյուջետային կանխատեսումները կհստակեցվեն հոկտեմբերի 16-ին Հայաստան ժամանող Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ բանակցություններից հետո միայն։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG