Մատչելիության հղումներ

Հայաստանում այսօր սկսվեց մարդահամարը


Այսօր Հայաստանում սկսված մարդահամարը կտեւի մինչեւ հոկտեմբերի 19-ը: Այս ընթացքում հաշվարարները կայցելեն մարդկանց բնակարաններն ու նրանց կառաջարկեն պատասխանել մարդահամարի հարցաթերթիկի մեկ տասնյակից ավելի հարցերին: Սա Հայաստանի Երրորդ Հանրապետությունում անցկացվող առաջին մարդահամարն է:

Հայաստանում առաջին մարդահամարը անցկացվել է Ռուսաստանյան կայսրության տիրապետության տարիներին՝ 1897 թվականին, վերջինը՝ 1989 թվականներին: Վիճակագրությունը, սակայն, հիմնվում է 1979 թվականի մարդահամարի տվյալների վրա, քանի որ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց մարդահամարի աշխատանքները համակարգող ազգային վիճակագրական խորհրդի անդամ Գագիկ Գեւորգյանը, 1987-ին բավական մեծ էր Հայաստանում փախստականների թիվը: Բացի դրանից, 1988-ի երկաշարժի հետո մեծ թվով հաշվային տեղամասեր, ուր հավաքված էին տվյալները, մնացին փլատակների տակ:

1979 թվականի մարդահամարն արձանագրել էր, որ ՀԽՍՀ-ում բնակչության թիվը կազմում էր 3 միլիոն 325 հազար մարդ: Այս ցուցանիշի հիման վրա է իրականացվել ընթացիկ հաշվառումը, այսինքն՝ հանվել են վերջին 22 տարում մահացածները եւ գումարվել՝ ծնվածները: Ըստ ընթացիկ հաշվառման ստացվում է, որ «այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում 3 միլիոն 804 հազար բնակիչ կա», - ասաց Գագիկ Գեւորգյանը: Այս հաշվարկը, սակայն, կատարված է արտագաղթածներին ներառելով, ուստի մարդահամարը պետք է պարզի, թե իրականում հանրապետությունից որքան մարդ է հեռացել: Իսկ մարդահամարի վերջնական արդյունքները ամփոփ տեսքի կբերվեն մինչեւ 2002 թվականի մարտի վերջը:


«Մարդահամարի անցկացման համար այս տարի ծախսվելու է 955 միլիոն դրամ: Իսկ մեր ամբողջ բյուջեն մեկ միլիարդ 107 միլիոն դրամ է», - ասաց Գագիկ Գեւորգյանը, ավելացնելով, որ միջոցների 80 տոկոսը տրամադրել են միջազգային դոնորները: Մարդահամարի ֆոնդի հիմնական դոնորներն են Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման բաժանմունքը (DFID), ինչպես նաեւ՝ Շվեցարիայի, Իտալիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի կառավարությունները։

Մարդահամարում ընդգրկված է 15450 հաշվարար, որոնք սկսել են գործել ավելի քան 11 հազար հաշվային տեղամասերում: Մեկամսյա աշխատանքի համար նրանք ստանալու են 20 հազար դրամ աշխատավարձ:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG