Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողները Հայաստանում


«Օրինակ, իմ անունից ես կարող եմ ասել, որ ուզում եմ պատերազմ», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, այսօր ասաց Ադրբեջանի ընդդիմադիր՝ «Մուսավաթ» կուսակցության անդամ, լրագրող Ելբայի Հասանովը, ավելացնելով, որ եթե մեկ֊-երկու տարի այս հարցում փոխզիջում չլինի, անպայման պատերազմ կլինի: Եվ այդ պատերազմը կսկսի Ադրբեջանը, որովհետեւ, ըստ ադրբեջանցի լրագրողի, իրենք են կորցրել տարածքի 20 տոկոսը եւ իրենց մոտ են վայրի պայմաններում ապրում ավելի քան մեկ միլիոն փախստականները:

Ադրբեջանցի 16 լրագրողները Հայաստան են եկել Լեռնային Ղարաբաղից, ուր նրանց ընդունել էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Ելբայի Հասանովի խոսքերով, իրենց տպավորությունը Ղարաբաղից եւ Հայաստանից նորմալ է: Այստեղ էլ ապրում են բարի, քաղաքակիրթ մարդիկ, եւ որեւէ միջադեպ իրենց այցի ընաթցքում չի եղել:

«Բայց հարց կա՝ պետք է լուծվի»: - ասաց Հասանովը: - «Օրինակ, մեզ այստեղ ասում են, թե Ղարաբաղի ժողովուրդն իր ընտրությունն արել է: Այդ ընտրությունը մենք երբեք չենք ճանաչի, կարծում եմ, որ ձեր այսպիսի քաղաքականությամբ Կովկասում խաղաղությունը երկար չի տեւի»:

Ադրբեջանցի լրագրողներ չորեքշաբթի օրը Ազգային ժողովում հանդիպում ունեցան խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի եւ հանձնաժողովի անդամ Սեմյոն Բաղդասարյանի հետ:

Այսօր ավելի վաղ նրանք այցելել էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածին։ Ամենայն Հայոց Հայրապետի անունից հյուրերին ողջունել է Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը։ «Աստված տնօրինել է, որպեսզի մենք ապրենք միմյանց հարեւանությամբ եւ մենք պետք է լինենք բարեկամներ՝ անկախ կրոնական մեր պատկանելությունից», - ասել է Փառեն սրբազանը։

Հանդիպման ընթացքում ադրբեջանցի լրագրողները հետաքրքրվել են Հայաստանում իրականացվող եկեղեցաշինությամբ, Հայ Առաքելական եկեղեցու եւ այլ կրոնական կազմակերպությունների փոխհարաբերություններով։


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG