Մատչելիության հղումներ

Խորհրդարանը մերժում է պատգամավորական մանդատից զրկել Վանո Սիրադեղյանին


Ազգային Ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ մերժեց անհարգելի համարել պատգամավոր Վանո Սիրադեղյանի բացակայությունները: Դրա համար անհրաժեշտ էր առնվազն 46 ձայն՝ կողմ քվեարկեց միայն 36 պատգամավոր: 20 պատգամավոր դեմ է քվեարկել, 14֊ը՝ ձեռնպահ, նիստին ներկա 22 պատգամավոր քվեարկությանը չի մասնակցել:

Վանո Սիրադեղյանի հարցը, սակայն, սրանով չփակվեց: Սա երրորդ նստաշրջանից նրա բացակայությունների հարցն էր, առաջիկա եռօրյաներում բարձրացվելու է չորրորդ, հինգերորդ նստաշրջաններից Սիրադեղյանի եւ այլ պատգամավորների բացակայությունների հարցը:

Նախկինում իշխանական Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության առաջնորդներից մեկը, նակխին ՆԳՆ նախարար եւ Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, որը մեղադրվում էր 1992-1996 թվականների ընթացքում մի շարք սպանություններ պատվիրելու համար, Հայաստանից անհետացել է 2000 թվականի ապրիլին:

«Այս քվեարկությամբ վարկաբեկվեց խորհրդարանը», - «Ազատություն» ռադիոկայանին իր տեսակետը հայտնեց Դաշնակցության պատգամավոր, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: - «Սրանով տեսանք, թե ինչպես կարելի է խորհրդարանում ընդհատակյա աշխատել»:

Անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանի կարծիքով, քվեարկությունը հրահանգավորված էր նախագահի կողմից՝ Ազգային ժողովի «իմիջը վարկաբեկելու» նպատակով:

ՀԺԿ պատգամավոր Գրիգոր Հարությունյանի կարծիքով էլ,
«իհարկե, իշխանությունները մասնակցություն ունեն այս գործում: Դա միանշանակ է: Նախագահը ունի կայուն մեծամասնություն Ազգային ժողովում»:

1999֊ի գարնանը, երբ խորհրդարանը թույլ տվեց Սիրադեղյանին դատական պատասխանատվության ենթարկել, քննարկումները բուռն էին, քանի որ դա նաեւ քաղաքական պայքար էր: 2000֊-ի գարնանը, երբ արդեն այլ՝ ներկայիս խորհրդարանն էր քննարկում Վանո Սիարդեղյանին կալանավորելու թույլտվություն տալու հարցը, քաղաքական բուռն քննարկումներ տեղի չունեցան: Ամեն դեպքում, պատգամավորների նույն այս կազմը 77 կողմ, 10 դեմ, 6 ձեռնպահ ձայնով բավարարեց միջնորդությունը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG