Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայոց ընտրյալների օրակարգից «Երկիր» թերթը «Հոկտեմբերի 27»-ի գործով հանձնաժողովի մասով ամփոփիչ գնահատական է տալիս, թե «երեկ խորհրդարանը մեկ անգամ եւս համոզվեց, որ այս հանձնաժողովը առանձնապես նոր ասելիք չունի, եւ հետագայում էլ նրանից նման սպասելիքներ պետք չէ ակնկալել»: Իսկ պատճառը, «Երկիր»-ի ընդգծմամբ, այն է, որ «իրավական ոլորտում քաղաքական պատվերներ են կատարվում, եւ ոմանց համար կարեւորը ոչ թե իրականությունը պարզելն է, այլ ունեցած կանխակալ կարծիքները ամեն գնով հիմնավորելու պահանջը»:

«Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերն էլ մի քանի հրապարակում են մեխել Վանո Սիրադեղյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցին, նախասահմանելով, թե խորհրդարանը հրահանգավորված-պատրաստ է կատարելու հերթական քաղաքական պատվերը: Ուշագրավ է, սակայն, որ մեծամասնություն ճանաչված Հանրապետական կուսակցության «Ժամանակ» թերթի մեկնաբանը այսօրվա քվեարկությունից առաջ ակնարկել է. - «Ինտերպոլը մինչեւ 2003 թիվն էլ դեռ ստիպված կլինի ինտերնետային իր որոնումները սկսել «փնտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը» բառերով»:

Հայաստանում էլ այսօր շատերը ավելի շատերին են փնտրում: «Մարդահամարը վերածվելու է քաղաքական շոուի, թվերը ուռճացվելու են, որոշված է ցույց տալ, որ ՀՀ բնակչությունը 3 միլիոնից ավելի է», - նախանշում է «Հայկական ժամանակ» թերթը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անկախ քանակական կեղծ թե ճիշտ ցուցանիշներից, «Հայոց Աշխարհ» թերթում մտահոգություն է սրում, որ որակապես մարդ մեր երկրում գրեթե չի մնացել: «Պապլավոկ» սրճարանի սպանության հետքերով նա շեշտում է. «Մեր ողջ հասարակությունը լռության ու ստի ճանապարհով վեր է ածվում մարդասպաններին այս կամ այն ձեւով հովանավորող մարդկանց խմբի եւ դրանով ինքնին՝ մարդասպանների: Իսկ ովքեր չեն ուզում մարդասպան դառնալ՝ հեռանում են, դրանով եւս մեկ անգամ վավերացնելով երկիրը մարդասպաններին հանձնելու անբարոյականությունը... Հայաստանի Հանրապետության քանակական մեծամասնությունը կամ օտարվելով, կամ բարոյական եւ այլ նկատառումներով եւ կամ դեպքերի բերումով ինքնօտարվելով պետությունից, այս պետությունը իրենը չհամարելով, իրեն նաեւ մասնակից չի զգում երկրում կատարվող իրադարձություններին»: Սա էլ ֆիզիկապես ներկաների հոգեբանական արտագաղթի դրսեւորումն է:

«Հայոց Աշխարհ» թերթում հերթական հրապարակումն է՝ գոհունակ արձանագրմամբ, որ արտաքին հարաբերություններում Հայաստանը հայտնվել է հարեւան Վրաստան-Ադրբեջանից ավելի նպաստավոր դիրքերում, եւ ընդհանրապես, շարունակաբար ի դերեւ են լինում նախկին իշխանավորների ակնկալիքները, թե մեզ վրա կթափվի որեւէ արտաքին ուժի բարկությունը:

Մինչ «Հայոց Աշխարհ»-ում Արեւմուտք - Ռուսաստան հարաբերությունները, որպես մեզ համար դրական ֆոն, գրեթե աննախադեպ ջերմ-գործընկերային են բնութագրվում, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը ռուս-ամերիկյան լարման թարմ դաշտ է մատնանշում Վրաստանում: «Առաջին հայացքից կարող է թվալ, թե Վրաստանում եւ Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի հետ կապ ունեն միայն այնքանով, որ դրանց արդյունքում զոհվել են ազգությամբ հայ քաղաքացիներ: Ակնհայտ է, սակայն», - ընդգծել է մեկնաբանը, - «որ այսօրինակ գործողությունների նպատակը հայ-վրացական կոնֆլիկտի հրահրումն է»:

Օրերս Հայաստան ժամանած թուրք-հայ գործարար միության նախագահ Քաան Սոյաքը «Ազգ»-ի թղթակցին ներկայացրել է թուրք գործարարների՝ Հայաստանին առնչվող նոր նախաձեռնությունները: Ընդհանուր առմամբ, «Մենք ժողովրդական լայն դիվանագիտություն ենք ծավալել: Եթե չլիներ մեր միությունը, ապա Թուրքիան Ցեղասպանության ճանաչման առնչությամբ շատ ավելի կոշտ հակազդեցություն էր ցուցաբերելու Հայաստանին», - ասում է Սոյաքը: Ինչ վերաբերում հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին, ըստ նրա՝ «հանձնաժողովին անվերապահորեն աջակցել է պետք, միաժամանակ, կարծում եմ, տեղին կլինի հանձնաժողովի համալրումը նոր անդամներով: Օրինակ, Հայաստանից կարելի է նրա կազմում ընդգրկել դաշնակներին՝ ազգային թեւի ներկայացուցիչներին, նույնը կարելի է կատարել Թուրքիայից: Սա ավելի տրամաբանական է լինելու»:

«Հանձնաժողովի հաջողությունը ցանկալի է, բայց ձախողումն էլ աշխարհի վերջը չէ»,- ամփոփել է Քաան Սոյաքը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG