Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանի Հայաստանում ծավալած գործունեությունը թափ է հավաքում


ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը երեքշաբթի հրավիրած ասուլիսում դրական գնահատեց ամերիկահայ մեծահարուստ եւ բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի եւ Հայաստանի կառավարության միջեւ համագործակցության եռամյա ծրագրի իրականացման ընթացքը։

Շուրջ 165 միլիոն դոլար արժեցող ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ վարկային եւ դրամաշնորհային։ Հիմնադրամի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրած 45 միլիոն դոլարի անտոկոս վարկը բաշխվում է հայաստանյան առաջատար բանկերի միջոցով՝ շուկայականից ցածր տոկոսով եւ երկարաժամկետ վարկերի ձեւով։ Ըստ պարոն Թումանյանի, մինչ այժմ ձեռներեցները 21 միլիոն դոլարի վարկեր են ստացել: Այդ միջոցներով տասնյակ արդյունաբերական ձեռնարկություններ են վերականգնվել ։

90 միլիոն դոլար արժեցող դրամաշնորհային ծրագրի ամենախոշոր բաղադրիչը ճանապարհաշինարարությունն է՝ 38 միլիոն դոլար։ 15 միլիոն դոլար հատկացվել է աղետի գոտում բնակարանաշինությանը, 10 միլիոն դոլար՝ Երեւանի խոշոր մշակութային հաստատությունների վերանորոգմանը, 7 միլիոն դոլար՝ Երեւանի կենտրոնական փողոցների բարենորոգմանը եւ 20 միլիոն դոլար՝ տուրիզմի զարգացմանը։

Ճանապարհաշինական ծրագիրը նախատեսում է հանրապետական նշանակության 300 կիլոմետր երկարությամբ ճանապարհների կապիտալ վերանորոգում, այդ թվում՝ Սեւան-Դիլիջան թունելի կառուցումը։ Ինչպես տեղեկացրեց Արտաշես Թումանյանը, վերջինիս շինարարությունն ավարտին հասցնելու համար միջազգային մրցույթ է հայտարարված:

Նախատեսված 300 կիլիոմետրից 145 կիլոմետրի վրա աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, մյուս հատվածներում աշխատանքները կսկսվեն մինչեւ դեկտեմբեր։ Այս ծրագրի մեջ, ըստ պարոն Թումանյանի, ընդգրկված կլինի ավելի քան 5000 մարդ։

«Լինսի» հիմնադրամի նվիրած 15 միլիոն դոլարով աղետի գոտու 1900 ընտանիքներ կբարելավեն իրենց բնակարանային վիճակը։ Արտաշես Թումանյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի բնակարանաշինության ծրագրում կընդգրկվի 2200 շինարար։

Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերից միայն տուրիզմի զարգացման ծրագիրն է, ըստ նախագահի աշխատակազմի ղեկավարի, որ դեռեւս նախապատրաստման իրավական փուլում է։ 20 միլիոն դոլար արժեցող այդ ծրագրով նախատեսվում է Ծաղկաձորում երկու խոշոր համալիրներ կառուցել՝ միջազգային չափանիշներին համապատասխանող լեռնադահուկային մարզաձեւերի բազա եւ համահայկական երիտասարդական կենտրոն։


Ատոմ Մարգարյան, Երեւան։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG