Մատչելիության հղումներ

Հայաստանը միանում է սկսված հակաահաբեկչական գործողությունների համաշխարհային պաշտպանությանը





«Հայաստանը եւս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիային եւ գտնում է, որ միջազգային ահաբեկչությունը սպառնալիք է ոչ միայն առանձին պետությունների, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Դրա դեմ նախաձեռնված պայքարը պետք է լինի հետեւողական եւ հաստատակամ», - ասված է երկուշաբթի օրը տարածված Հայաստանի արտգործնախարարության «Աֆղանստանում իրակացվող հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ» հայտարարություն մեջ:

«Այսօր ԱՄՆ-ի իշխանությունները Հայաստանին ներկայացրեցին ԱՄՆ-ի կողմից հետաքննության արդյունքում հավաքված ապացույցները սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին Ալ-Քաեդա կազմակերպության մեղսակցության վերաբերյալ» - հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը: - «Հայաստանն իր ափսոսանքն է հայտնում, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր չեղավ հասնել սեպտեմբերի 11-ի գործողությունների հետեւում կանգնած միջազգային ահաբեկչության կազմակերպիչների հանձնմանը ԱՄՆ արդարադատությանը»:

Հայտարարության մեջ հույս է հայտնվում, որ ռազմական գործողությունները չեն հանգեցնի տարածաշրջանային համընդհանուր անկայունության եւ Աֆղանստանի խաղաղ բնակչության իրավիճակի հետագա վատթարացման:

Հայաստանի ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունների լրատվության պատասխանատուները «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ հակաահաբեկչական գործողությունները սկսվելու կապակցությամբ Հայաստանում լրացուցիչ անվտանգության միջոցառումներ չեն ձեռնարկվել: Դրանք գործում եմ արդեն սեպտեմբերի 11-ի ահակբեկչությունից ի վեր:

Ազգային անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմենակ Մանուկյանը առանց մանրամասնելու ասաց, որ ձեռնարկված են իրադրությանը համապատասխան միջոցառումներ:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետի առաջին տեղակալ Արա Աբգարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հայաստանի օդային տարածքը սկսված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում չի օգտագործվել:

Դուշամբեում երկուշաբթի օրը սկսել է աշխատել ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների արատահերթ նիստը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի փոխնախագահ, Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ահաբեկչությունը, բնականաբար, պիտի պատժվի: «Բայց շատ կարեւոր է»,- ավելացրեց նա, - «որ ահաբեկիչները եւ նրանց կազմակերպությունները շատ արագ հայտնաբերվեն ու պատժվեն»:

Դաշնակցություն խմբակցության քարտուղար Մարտուն Մաթեւոսյանի կարծիքով, պայքարը շատ երկար է տեւելու, բայց նա նույնպես խիստ կարեւոր խնդիր է համարում, որ հնարավորինս քիչ տուժի խաղաղ բնակչությունը: Սա, ըստ Մաթեւոսյանի, «ոչ միայն մուսուլմանական երկրների, այլ նաեւ ամբողջ աշխարհի մտահոգության առարկան է: Կարծում եմ նաեւ՝ գործողությունը սկսած երկու երկների»:

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը մտահոգված է , որ Աֆղանստանի հոգեւոր առաջնորդ Մուհամմեդ Օմարն այս ամենը բնութագրել է «քաղաքակրթությունների պատերազմ»՝ ուղղված իսլամական քաղաքակրթության դեմ:

«Հրամայական եմ համարում, որ ռազմական այս գործողություններով բավարարված լինեն՝ լինի դա Միացյալ Նահանգներ, լինի դա Մեծ Բրիտանիան, փնտրեն այդ հարցի խաղաղ կարգավորման ճանապարհները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արտաշես Գեղամյանը:

Շարքային երեւանցիների գերակշիռ մեծամասնությունը լիովին կողմ է ահաբեկչության դեմ պայքարում ռազմական գործողությունների դիմելուն, քանի որ ահաբեկչությունը վտանգ է բոլորի համար:

«Ահաբեկչական համակարգը պիտի վերացվի, իսլամական ֆունդամենտալիզմը պիտի վերացվի: Ես կողմ եմ՝ ճիշտ անում», - «Ազատություն ռադիոկայանին ասաց նախկին մարզիկ Ռոբերտ Ադալյանը:


Արմեն Զաքարյան, Ռուզան Խաչատրյան եւ Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG