Մատչելիության հղումներ

logo-print

Փաստաբաններն ասում են, որ ենթարկվում են ճնշումների


Փաստաբան Տիգրան Ջանոյանը շաբաթ օրը հրավիրած ասուլիսում Վազգեն Սարգսյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Խաչատրյանի եւ Յուրի Բախշյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանների խմբի անունից հայտարարեց. - «Մենք քաղաքական դաշտ երբեք չենք անցնելու եւ որեւէ կողմին՝ անկախ նրա դիրքից, դերից եւ անունից, մենք քաղաքական բավարարություններ չենք տալու: Նման դրսեւորումները մեր նկատմամբ համարժեք են ճնշումների»: Ջանոյանը չբացառեց, որ դրանց շարունակվելու դեպքում գոնե ինքը հրաժարվի դատարանում ներկայացնել տուժողի իրավահաջորդի շահերը:

«Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարությունում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի՝ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ջանոյանը ասուլիսում ասաց նաեւ, որ «հանձնարարությունը ընդունելիս նախապես պայմանավորվել ենք, որ պետք է բացառապես կատարենք իրավական եւ պրոֆեսիոնալ աշխատանք: Հետագայում դրանք սկսեցին դժգոհությունների տեղիք տալ, թե մենք շատ ենք ֆիքսված իրավական դաշտում, որ մենք փորձում ենք փաստական տվյալներով ու հանգամանքներով խոսել»՝ - չհստակեցնելով, սակայն, թե կոնկրետ ում նկատի ունի:

«Նրանք, ովքեր այսօր դեմ են, որ դատաքննությունը բացառապես իրավական դաշտում կայանա, երբ իշխանություն էին եւ որոշակի լծակներ ունեին, այն ժամանակ էլ էին իրավական աշխատանքներն արհամարհում: Դրա համար արդյունքում ունեցանք կոպիտ եւ էական խախտումներով նախաքննություն՝ զուրկ իրավական հսկողության մեխանիզմներից: Շատ պաշտոնյաներ բավականին ուշ են հարցաքննվել, կան այնպիսիք , ովքեր բոլորովին չեն հարցաքննվել: Զոհվածներից շատերի մոտ միջանցիկ վնասվածքներ են եղել, իսկ պարկուճները չեն հայտնաբերվել», - ասաց Տիգրան Ջանոյանը, շարունակելով. - «Անհրաժեշտ էր ստեղծել իրավաբաններից բաղկացած հանձնաժողով, որը կիրականացներ հսկողությունը, այնինչ այդ հսկողությունը միանձնյա էր կատարվում»:

Ըստ Տիգրան Ջանոյանի, վերջին շրջանում Նաիրի Հունանյանի որդեգրած՝ հարցերին չպատասխանելու մարտավարությունը դատավարության ընթացքի վրա որոշակի ազդեցություն, իհարկե, ունեցել է: «Հավանաբար նրան խորհուրդ է տրվել զգույշ լինել, ձեռնպահ մնալ դատավարության այս կամ այն մասնակցի հետ ինտելեկտուալ վեճի կամ հարցադրումների մեջ ներքաշվելու ակտիվ գործողություններից», - ասաց Տիգրան Ջանոյանը:

«Հոկտեմբերի 27»-ի դատավարության հաջորդ նիստում, որը տեղի կունենա չորեքշաբթի օրը, Տիգրան Ջանոյանը կշարունակի Նաիրի Հունանյանի հարցաքննությունը:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG