Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նախագահ Քոչարյանի երեկվա, ինչպես «Հայաստանի Հանրապետություն» թերթում է ձեւակերպված՝ «աշխատատեղերի ստեղծման գործընթացով պայմանավորված» այցը Կոտայքի մարզ կարողանում են ներկայացնել միայն որոշակի լրատվամիջոցներ, քանզի, ինչպես, մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթին են պատճառաբանել, «լրագրողների համար նախատեսված միկրոավտոբուսում տեղ չկա»: Այս հիմնահարցը եւս, կարծես, լուծման հեռանկար է ստանում. «Հայկական ժամանակ»-ը ակնարկում է, որ իրենք հաճույքով միջոցներ կտրամադրեին՝ տեղափոխման գործընթացը կատարելագործելու համար:

Իսկ Հայաստանում հերթական տոնն է՝ Ուսուցչի օրը: «Ճիշտ է, ինչպես միշտ, կառավարությունն ինքը սեփական միջոցներ չունի եւ հույսը դրել է հովանավորների վրա». տվյալ դեպքում հովանավորը հանրապետության բնակչության գրեթե կեսն է՝ աշակերտների ծնողները, որոնցից հավաքվել է 1000-ական դրամ, - նշում է «Առավոտ»-ը, ընդհանրացնելով՝ - «Ի վերջո, եկել է պահը՝ հասկանալու, որ մեր կառավարությունը գոյություն ունի ոչ ինչ-որ մարդկանց աշխատավարձ տալու համար։ Նրա գործը տոնակատարություններ կազմակերպելն է», - ընդհանրացնել է խմբագրականը:

Օրվա հերոսը մամուլում, թերեւս, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է՝ իր տարածած հայտարարությամբ: Վերջինիս պատկերավորմամբ, «որոշ «քաղաքական գործիչներ» կամ դրանց թեկնածուներ, «Հոկտեմբերի 27»-ի դատաքննությանը զուգընթաց, ինչ-ինչ ուժերի եւ անձանց ծառայություններ մատուցելու մոլուցքով տարված... ստորագրահավաքներ ու բողոքների հոսք են կազմակերպում ՀՀ զինվորական դատախազի դեմ, անհիմն պահանջում նրա հրաժարականը, թաքուն հույս փայփայելով, որ զինվորական դատախազին կհանեն հավասարակշռությունից, կդրդեն անխոհեմ քայլերի եւ այնուհետեւ դրանք կօգտագործեն ներքաղաքական իրադրությունը լարելու նպատակով... Վերջին փորձը Մուշեղ Սաղաթելյանի հոկտեմբերի 3-ի պարագան էր։ «Հոկտեմբերի 27»-ի գործով իր կողմից կատարած բանսարկությունների պատասխանատվությունը ջանում է դնել մեր վրա»:

Վերջում Գագիկ Ջհանգիրյանը վրդովվել է. «Ոչ վաղ անցյալում ՀՀ զինվորական դատախազին «մեղադրում էին», որ «Հոկտեմբերի 27»-ի գործի քննության ընթացքում հաշվետու է եղել որոշ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների, հիմա էլ «պարզվում է», որ նույն ժամանակահատվածում գործի քննության ընթացքը մանրամասն զեկուցվել է ՀՀ նախագահին»։ «Առավոտ» թերթը, սակայն, նման էվոլյուցիայում անհնար ոչինչ չի տեսնում՝ դա բխեցնելով զինդատախազի ժամանակահատվածային կողմնորոշումներից:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը հաստատել է Մուշեղ Սաղաթելյանի պնդումը, թե զինդատախազ Ջհանգիրյանը բազմիցս է երդվել, պնդել, թե «27»-ի կազմակերպիչները Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանն են»: «Առավոտ»-ի թղթակցին Բազեյանը պատմել է նաեւ, որ իր պաշտոնանկությունից հետո Սերժ Սարգսյանի հետ մի հանդիպման ժամանակ ինքը վերջինիս ասել է. «Տղերքը մեղավոր չեն, որ կասկածում են քեզ ու Ռ.Քոչարյանին: Նրանց զինդատախազ Ջհանգիրյանն է այդպես վստահեցրել»:

Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության հասցեին հնչող մեղադրանքներին, թե վերջինս փորձել է գործակալ Հ.Գրիգորյանի միջոցով զրպարտել ՀՀ նախագահին ու նախարար Սարգսյանին՝ իշխանափոխություն իրականացնելու համար, ապա, ըստ պարոն Բազեյանի, «դրա նպատակը կուսակցությանը ազատ քաղաքական գործողություններ ծավալելու հնարավորությունից զրկելն է, որի համար ամենակարճ ճանապարհը՝ կուսակցության առաջնորդներին դատական քաշքշուկների մեջ ներքաշելն է»:

«Հայկական ժամանակ» թերթն էլ, փոխանցելով, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արամ Սարգսյանը արդեն երկրորդ ծանուցագիրն է ստանում՝ գլխավոր դատախազություն հրավիրվելով Մուշեղ Սաղաթելյանի գործով, եմթադրում է, որ «սրա նպատակը ամենաընդդիմադիր կուսակցության ղեկավարությունը լարվածության մեջ պահելն է»:

Որպես առաջին աղբյուր, «Հայոց Աշխարհ» թերթն այսօր ներկայացնում է ՆԳՆ գործակալ Գրիգորյանի եւ Մուշեղ Սաղաթելյանի առերեսման արձանագրությունը: Գրիգորյանը Սաղաթելյանին ասում է. - «Դուք ասացիք, որ հայտարարություն գրեմ, որ իմ կատարած աշխատանքի արդյունքում համոզվել եմ, որ հոկտեմբերի 27-ի սպանությունների կազմակերպիչները Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն են: Ես չէի ուզում այդ անունները գրել, բայց դուք խոստացաք, որ մի կասետ էլ կա, դա էլ որ ճարեմ, ինձ հիսուն հազար դոլար փող կտաք... Դուք ասում էիք, որ այդ ամենը պետք է, որ ներկայացնեք խորհրդարան, Ռոբերտ Քոչարյանը հրաժարակ տա, եւ Ալբերտ Բազեյանը ընտրվի նախագահ»: Սաղաթելյանը սրան հակադարձում է. - «Դուք ինքներդ համոզված էիք, որ հոկտեմբերի 27-ի գործի կազմակերպիչները Քոչարյանն ու Սարգսյանն են, եւ դուք էլ ձեր նախաձեռնությամբ հայտարարություն եք գրել, տվել եք ինձ, ես էլ դա ցնդաբանություն համարելով, պատռել գցել եմ»:

Բայց ինչո՞ւ է Սաղաթելյանն այդպես վարվել, եթե հիմա էլ հայտարարում է, որ համոզած է թե «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ուրեմն «պատրա՞ստ է ընդունել, որ իր «մեղադրական» հայտարարություններն» էլ ոչ պակաս ցնդաբանություններ են», - կապակցում է «Հայոց Աշխարհ»-ը:

«ՀԺԿ-ն, «Հանրապետություն» կուսակցությունը եւ «Ազգային միաբանությունը» նախատեսել են համազգային հանրահավաք անցկացնել հոկտեմբերի 26-ին: Նրանք վստահ են, որ այս հանրահավաքին կմասնակցի ավելի շատ մարդ, քանի Արկադի Վարդանյանի հայտնի հանրահավաքին. «Եթե իշխանությունները իրենց կեղտոտ տեխնոլոգիաներով չփորձեն մեզ խանգարել, ապա այս հանրահավաքը առանցքային է լինելու երեք կուսակցությունների՝ Քոչարյանին պաշտոնանկ անելու ծրագրի ճանապարհին», - «Հայկական ժամանակ»-ին ասել են «Հանրապետություն» կուսակցությունից:

«Ըստ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի, իշխանությունները ամեն ինչ անում են՝ իշխանափոխության գործընթացը հակասահմանադրական ուղի շեղելու համար»: Բայց, - «Հայկական ժամանակ»-ում վստահեցնում է Արտաշես Գեղամյանը, - իրենք գնալու են բացառապես ժողովրդավարական, լեգիտիմ ճանապարհով: Հետեւյալ մեխանիզմով. «Եթե ընդդիմադիր եռյակին հաջողվի առաջիկա 20 օրերի ընթացքում հավաքել 700 հազար ընտրողների ստորագրություն, ովքեր պահանջում են Քոչարյանի հրաժարականը, ապա կապացուցենք, որ իշխանությունը օտարված է ժողովրդից: 700 հազարը 1998-ի ընտրություններին մասնակցած ընտրողների գրեթե 70 տոկոսն է... Այս ստորագրություններով հնարավոր կլինի ճնշել ոչ միայն պատգամավորներին եւ նրանց ստիպել միանալ իմփիչմենթին, այլեւ արտասահմանյան երկրներին եւ միջազգային կառույցներին համոզել, որ Հայաստանում առկա է ոչ լեգիտիմ, ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից մերժվող իշխանություն»:

«Ազգ» թերթի վերլուծությամբ, «Վրաստանը դառնում է տարածաշրջանային նոր ապակայունացման փորձաքար»: Վրաստանի նախագահի՝ Հայաստան այցի շեմին մեկնաբանը ուրվագծում է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանը, չցանկանալով կորցնել Վրաստանում իր ռազմակայանները, այդ երկրի հանդեպ ուժեղացնելու է ճնշումները՝ հակաահաբեկչական գործողությունների դիմելու պատրվակով, փորձելով դրանով Վրաստանը մշտապես իր ազդեցության տակ պահել: Այս գործոնների առկայությամբ է պայմանավորված, որ Վրաստանը գոնե պիտի ձգտի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները հավասարակշռել եւ աշխարհում ստեղծված նոր իրադրության այս պայմաններում ավելորդ ռիսկի չդիմել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG