Մատչելիության հղումներ

Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակը «ցեղասպանություն» է որակում դարասկզբի ջարդերը


Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի փոխնախագահ Անտյե Ֆոլմերը այսօր Ծիծեռնակաբերդ այցելությանը ծաղկեփունջ դրեց Եղեռնի զոհերի հուշարձանին: Լրագրողների հետ զրույցում նա արտաբերեց «ցեղասպանություն» բառը:

Ասելով, թե Հռոմի պապի՝ հուշահամալիր այցելությունից ու Շառլ Ազնավուրի այստեղ երգելուց ընդամենը մի քանի օր անց իր համար հուզիչ է այնտեղ գտնվելը, Անտյե Ֆոլմերն ավելացրեց, որ նաեւ հուզված է քանի որ, «սա ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունն է եղել»:

Պատասխանելով հարցին, թե Գերմանիան պաշտոնապես կճանաչի՞ հայերի ցեղասպանությունը, Ֆոլմերն ասաց. «Գերմանիայում ամեն ոք գիտի այս ոճրագործության մասին: Դուք երեւի գիտեք, որ Գերմանիան տասնամյակներ շարունակ դեբատներ էր վարում հենց իր սեփական ոճրագործությունների մասին: Հույս ունեմ, որ նաեւ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ մի այդպիսի երկխոսություն տեղի կունենա այդ անցյալի եւ այդ ոճրագործությունների մասին»:

Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում Բունդեսթագի փոխնախագահն այսպիսի մակագրություն արեց. «Սգալով միլիոնավոր անմեղ զոհերի համար, հուսալով, որ աշխարհն ապագայում նման ոճրագործությունները կկանխի արիությամբ, եւ համոզված լինեով, որ հայ ժողովուրդը կշարունակի ապրել»:

Այսօր ավելի վաղ Անտյե Ֆոլմերին ընդունել էր Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը: Զրույցի ընթացքում Բունդեսթագի փոխնախագահը հավաստել է, որ Գերմանիան շահագրգիռ է Հայաստանում ու ամբողջ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ու տնտեսության զարգացման համար եւ պատրաստ է իր ներդրումն ունենալ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG