Մատչելիության հղումներ

Հայ դիվանագետը Ստամբուլում ներկայացնելու է իր երկիրը Սեւծովյան տնտեսական համագործակցությունում


Անկարա («Ֆրանս Պրես» գործակալություն). - Չնայած երկու ժողովուրդների հարաբերություններում խորը հետք թողած հայկական կոտորածներին Օսմանյան կայսրության վերջին տարիներին, Հայաստանը, առաջին անգամը լինելով, դիվանագետ է ուղարկել Թուրքիա՝ որպես ներկայացուցիչ Սեւծովյան տնտեսական համագործակցության մշտական քարտուղարությունում, որի նստավայրը Ստամբուլն է:

Հայ դիվանագետ Արսեն Ավագյանը Ստամբուլ է ժամանել սեպտեմբերի երկրորդ տասօրյակում եւ սեպտեմբերի 21-ից պաշտոնապես սկսել է իրականացնել իր առաքելությունը որպես Սեւծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի ներկայացուցիչ, ասել է մի թուրք պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ: 29-ամյա Արսեն Ավագյանը Երեւանի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Թուրքիայում:

Ավագյանը աշխատել է Հայաստանի արտգործնախարարության Թուրքիայի բաժնում, վարժ խոսում է թուրքերեն: Նա ասել է, որ իր գործունեությունը Ստամբուլում չի կարող դիտարկվել հայ-թուրքական կապերի շրջանակներում: «Սակայն հուսով եմ, որ կկարողանամ նպաստել հարաբերությունների բարելավմանը», - ասել է Արսեն Ավագյանը «Անատոլիա» գործակալությանը:

Երկու հարեւան երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն: Նրանց միջեւ եղած ամենաշոշափելի պաշտոնական կապը 1992 թվականին ստեղծված Սեւծովյան տնտեսական համագործակցությունն է, որի նպատակը սեւծովյան տարածաշրջանում անվտանգության, կայունության, բարգավաճման ու տնտեսական համագործակցության խրախուսումն է: Կազմակերպությանն անդամակցում են Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Թուրքիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG