Մատչելիության հղումներ

Հայկական ինքնաթիռից տեսել են ռուսաստանյան օդանավի խորտակումը


(«Ազատություն» ռադիոկայան եւ լրատվական գործակալություններ). -Ուկրաինայից Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնող հայկական ԱՆ-24 ինքնաթիռը մոտակայքում է եղել, երբ ռուսաստանյան մարդատար ինքնաթիռը հինգշաբթի պատահաբար խփվել է Սեւ ծովի վրա: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասացին քաղաքացիական ավիացիայի վարչությունից, Հայկական ինքնաթիռի անձնակազմը նախ պայթյուն է տեսել Թել Ավիվից Նովոսիբիրսկ թռչող ինքնաթիռի վրա եւ ապա տեսել է, թե ինչպես է ինքնաթիռը ընկել ծովը:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արա Աբգարյանի խոսքերով, հայ օդաչուները տեսել են պայթյունը, որից հետո ինքնաթիռի առանձին մասերն ընկել են Սեւ ծովը: Ըստ նրա, հայ օդաչուներն այդ մասին անմիջապես տեղեկացրել են Ռուսաստանի օդուղիների դիսպետչերներին: Օդանավում եղած 64 ուղեւորները՝ հիմնականում Իսրայելի քաղաքացիներ, եւ «Սիբիրյան ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի անձնակազմի 12 անդամները, ամենայն հավանականությանբ, զոհվել են:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի սպա Իգոր Լարիչեւը «Ֆրանս Պրես» գործակալությանն ասել է, որ օդանավը պատահաբար խփվել է ուկրաինական հրթիռով՝ Ղրիմում անցկացվող զորավարժությունների ընթացքում:

Հայկական ինքնաթիռը իրականացնում էր կանոնավոր չվերթ՝ Սիմֆերոպոլից Երեւան: ԱՆ-24-ի օդաչուներից մեկը՝ Գարիկ Հովհաննիսյանը, ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, ասել է, որ իր ինքնաթիռը թռչում էր 6300 մետր բարձրության վրա, երբ ՏՈՒ-154-ը պայթեց:

«Ես տեսա, թե ինչպես պայթեց մոտ 11 հազար մետր բարձրության վրա թռչող ինքնաթիռը», - ասել է Հովհաննիսյանը: - «Ինքնաթիռն ընկավ ծովը, եւ մի պայթյուն էլ ծովում եղավ: Դրանից հետո ծովի վրա առաջացավ մեծ սպիտակ բիծ. տպավորությունն այնպիսին էր, թե նավթ է այրվում»:

Միացյալ Նահանգների ռազմական պաշտոնյաներից մեկը ավելի վաղ ենթադրություն էր արել, թե ՏՈՒ-154-ը կարող է խփված լինել Ուկրաինայւոմ ընթացող զորավարժությունների ընթացքում արձակված «ցամաք - օդ» հրթիռով: Վաշինգտոնում պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ «ցամաք - օդ» հրթիռն արձակվել է Ղրիմի տարածքից: Նա ասել է, որ Ուկրաինան միակ երկիրն է, որը զորավարժություններ էր անցկացնում Սեւ ծովում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գնդապետ Վյաչեսլավ Սեդովը ասել է, որ իրենք զեկույցներ են ստացել, թե պատահական մի հրթիռ կպել է ինքնաթիռին, սակայն որեւէ մեկնաբանություն չի տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG