Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Պարզ է, որ կոմունիստների հրավիրած այսօրվա հանրահավաքում, իշխանությունների «հակաժողովրդական էությունը» հերթական անգամ «բացահայտելուց» բացի, շեշտը կրկին դրվելու է Ռուսաստան - Բելառուս դաշինքին միանալու գաղափարի վրա՝ այն ներկայացնելով Հայաստանի փրկության միակ , այլընտրանք չունեցող երաշխիք»: Այս առումով «Ժամանակ» թերթի մեկնաբանը կրկին արձանագրել է. հանրապետության ղեկավարները նման հարց օրակարգում չեն տեսնում, Հայաստանի մյուս քաղաքական ուժերն էլ «կամ կտրականապես դեմ են, կամ էլ մեծ վերապահումով են մոտենում դաշինքին միանալու գաղափարին՝ իրավացիորեն այն համարելով երկրի ինքնիշխանությանը հարվածող»:
Կոմունիստներն էլ համառորեն շրջանցում են «այն ճշմարտությունը, որ Ռուսաստանը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, խնամակալի կարգավիճակով մեզ իր գիրկը ընդունել չի կարող: Նա իր ժողովրդին չի կարողանում կերակրել եւ իր «ափսեից» օգտվելու հնարավորություն չի ընձեռի նույնիսկ ռազմավարական ամենամոտ դաշնակիցներին»:

«Քանի դեռ ժողովուրդը կոմունիստների համար ավանդաբար մնում է «զանգված», դրան հաջորդող ամենահամատեղելի բառը, իհարկե, լինելու է հեղափոխությունը կամ, ասենք, «բունտը», - ակնարկված է «Ժամանակ»-ում:

«Մարդիկ տեսնում են՝ կոմկուսը ուրիշի խաղի մեջ է, ոչ թե հանդես է գալիս իրեն բնորոշ ուղղամտությամբ եւ սեփական դեմքով», - «Հայոց Աշխարհ»-ում ասում է այդ կուսակցությունից հեռացված պատգամավոր Յուրի Մանուկյանը: - «Այսպես կոչված, «Սոցուժերի» միությունը, ՀԺԿ-ն, «Հանրապետությունը» այն կուսակցություններից չեն, որոնց հետ կարող ենք համագործակցության եզրեր ունենալ... Ինչքանով տեղյակ եմ բանակցություններից՝ մինչեւ ինձ ՀԿԿ-ից հեռացնելու որոշումը, ասվում էր, թե «օգնեք մեզ իշխանությունը փոխվի, հետո կորոշենք՝ ինչ ենք ուզում. Ռուսաստան - Բելառուս, սոցիալիզմ, թե մեկ այլ բան»: Ստացվում է՝ «ՀԿԿ-ն պիտի օժանդակի, որ այսօրվա իշխանությունները հեռանան եւ գան այն մարդիկ, որոնք բառացիորեն երեկ էին իշխանության գլուխ, եւ այս վիճակը շատ կողմերով նրանց գործունեության արդյունքն է»:

Նախագահ Քոչարյանի պաշտոնանկության ստորագրահավաքին խորհրդարանում չի շտապում միանալ անգամ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, որը դեռ գարնանը հրաժարականի կոչ էր անում: «Հայկական ժամանակ»-ի թղթակցին նա ասել է. «Մեր ԱԺ-ն այնպիսի մի կենդանակերպ է, որտեղ հնարավոր չէ 2/3 հավաքել: Պատգամավորների 90 տոկոսը առանձին կողմ է արտահայտվում Քոչարյանի պաշտոնանկությանը, սակայն երբեք դրա մասին չի արտահայտվի հրապարակային, քանի որ դա կվնասի իր գործին, ընտանիքին, ապագային»: Ըստ Մանուկ Գասպարյանի, «այն եղանակը, որով ընդդիմությունը փորձում է հեռացնել Քոչարյանին, երեխայական է եւ նման է օդում փուչիկ պայթեցնելուն»:

«Շառից-փորձանքից հեռու» վերնագրի տակ է «Հայկական ժամանակ»-ը այսօր կրկին անդրադարձել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դերին՝ նշելով. «Նա որդեգրել է աննկատ մնալու մարտավարություն: Մարգարյանն աշխատում է, որ, ասենք, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չնկատեն իր գոյությունը: Այսինքն, գործող վարչապետն ամեն ինչ անում է, որ իր եւ պաշտպանության նախարարի, իր եւ նախագահի ճանապարհները չխաչաձեւվեն: Եվ խոսքը ամենեւին նրանց հետ կոնֆլիկտի գնալուց խուսափելու մասին չէ: Վարչապետը որեւէ մասնակցություն չի ունենում երկրի համար կարեւորագույն հարցերի շուրջ որոշումներ կայացնելու գործընթացին, նրա կարծիքը ոչ ոք չի հարցնում: Այս իրավիճակը կարծես թե ձեռնտու է բոլորին, եւ սա այն վիճակն է, որ Մարգարյանին հնարավորություն պիտի տար երկար աշխատել»:

Մյուս կողմից՝ «Հիասթափություն» խորագրի ներքո էլ «Հայկական ժամանակ»-ը փոխանցում է. «Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Պապլավոկում կատարված սպանությունը, որքան էլ տարօրինակ հնչի, ազդել է մեր մի քանի նախարարների՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա: Միանգամից մի քանի նախարարներ այնքան են ազդվել այդ սպանությունից, որ անգամ իրենց տեղակալների հետ զրուցներում անհեռատեսորեն մի քանի «քաղցր» բառ են ասել Քոչարյանի հասցեին: Պետք է սպասել, որ կառավարությունում առաջիկայում զգալի փոփոխություններ կիրականացվեն, քանի որ այդ խոսակցությունների բովանդակությունը արդեն իսկ պատմում են կառավարության միջանցքներում», - ամփոփել է թերթը:

«Շատ շուտով արդեն մեր իշխանությունը ձեռքի տակ կունենա իր պնդումների կոնկրետ հավաստիացումները, որ իր երկրից մարդիկ չեն փախչում այնքան զանգվածաբար, որքան թվում է»։ - «Առավոտ» թերթը չի կասկածում, որ «մարդահամարի արդյունքում ստացված թվերը պետք է խոսեն այդ փաստի օգտին»: «Ցանկացած հասարակություն կարող է արտագաղթի մասին իմանալ այն չափով, որչափով իր առջեւ նման խնդիր է դնում։ Մեր մարդահամարի դեպքում հասարակությունն իր առջեւ նման խնդիր չի դրել», - համոզված է «Առավոտ»-ը։ - Իսկ իշխանությունը խնդիր է դրել «ապացուցել բոլորին, որ Քոչարյանի ղեկավարած Հայաստանը մի պետություն է, որտեղից մարդիկ ոչ թե փախչում են, այլ ուր վերադառնում են։ Այն էլ՝ ներդրումներով»։

Նախագահ Քոչարյանին թվերի կեղծման հետ է կապում նաեւ «Հայկական ժամանակ»-ը, նշելով. այս տարի մոտ 100 հազար տուրիստ լրացուցիչ ունենալու նրա կանխատեսումը «ապահովելու համար մայիսին մտցվել է տուրիստների հաշվարկման նոր մեթոդոլոգիա: Եթե նախկինում զբոսաշրջիկ էր համարվում այն անձը, որը եկել է Հայաստան ու տեղավորվել հյուրանոցում, ապա մայիսից սկսած զբոսաշրջիկ են համարվում բոլոր նրանք, ովքեր հատել են ՀՀ սահմանը եւ առնվազն 24 ժամ մնացել հանրապետության տարածքում: Նման անձանց մեջ են մտնում, օրինակ, Պուտինը՝ իր ամբողջ թիկնազորով ու շքախմբով, Հռոմի պապը՝ իր ամբողջ անձնակազմով եւ այլն»: Մինչդեռ առաջին կիսամյակում, օրինակ, իրականում նախորդ տարվանից ընդամենը 8 հազարով ավելի զբոսաշրջիկ է եկել: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը վստահ է, որ նույնաբնույթ մի ուռճացնող մեխանիզմ էլ կկիրառվի տարեվերջին, երբ կգա նոր բացված 40 հազար աշխատատեղերի մասին «հաշվետվություն տալու ժամանակը»:

«Ազգային անվտանգությունը բաղկացած է երեք տարբեր, բայց փոխկապակցված մակարդակներից: Առաջին մակարդակը անհատի կամ քաղաքացու ազատությունն է», - «Երկիր»-ի հարցազրույցում ազգային անվտանգության բաղադրությունն է բացում Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, մասնավորապես, առանձնացնելով. «Ակնհայտ է, որ անհատը չի կարող լինել ազատ, եթե ազատ չէ այն հասարակությունը, որի մասն է կազմում ինքը: Օրինակ, հայ անհատը կարող է շատ ազատ լինել որպես Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի քաղաքացի, բայց նրա ազատությունն ու անվտանգությունը ամբողջապես ապահովված չէ, որովհետեւ ձեռք է բերել այլ հասարակության, ոչ թե իր ազգային հասարակության մաս կազմելով»: Իսկ մենք առայժմ «որպես ազգ եւ պետություն Հայաստանի զարգացման նախագիծը չենք կազմել», - խիստ մտահոգված է Վահան Հովհաննիսյանը: - «Ոչ ոք չգիտի, թե ինչ պատկեր ենք ունենալու ընդամենը 2-3 տարի հետո: Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր դա անվանում, վարում ենք իրավիճակային քաղաքականություն: Նրա կոպտագույն սխալը մինչեւ հիմա շարունակվում է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG