Մատչելիության հղումներ

Հայաստանում մարտական վիճակի բերվեցին ռուսական հրթիռները





Ռուսաստանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի համատեղ ասուլիսում Անատոլի Կվաշնինը մեկ անգամ էլ հստակեցրեց հակաահաբեկչական գործողությունների Ռուսաստանի մասնակցության աստիճանը: Ըստ նրա, առաջին տեղում տեղեկատվության փոխանակումն է, որպեսզի սխալմամբ հարվածներ չուղղվեն Աֆղանստանի հյուսիսային դաշինքի ուժերին: Այնուհետեւ՝ Տաջիկստանի տարածքում ստեղծվել են որոնող-փրկարար խմբեր, որպեսզի հարկ եղած դեպքում օգնություն ցուցաբերեն անկանխատեսելի իրավիճակների մեջ ընկած այն ջոկատներին, որոնք պայքարելու են ահաբեկիչների դեմ: Երրորդ տեղում մարդասիրական օգնության տրամադրումն է:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բացառեց, որ Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան ռազմական օբյեկտները կարող են տրամադրվել ամերիկացիներին՝ «Իմաստ չկա եւ անհասկանալի է, ինչ նպատակների համար», - ասաց Անատոլի Կվաշնինը:

Լրագողները, վկայակոչելով «Վաշինգտոն փոստ» թերթի հրապարակումը, հարցրին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում այն փաստին, որ Տաջիկստանի եւ Ուզբեկստանի տարածքում ԱՄՆ-ի մոտ հազար զինծառայող կա: Կվաշնինը, նախ ասելով, որ նման տեղեկատվություն ինքը չունի, այդուհանդերձ, ավելացրեց. - «Եթե լինել էլ, դա այդ պետությունների ներքին գործն է»:

Այնուհետեւ Անատոլի Կվաշնինը արդեն պաշտոնապես հայտարարեց, որ Տաջիկստանից նման տեղեկատվություն չկա, այսինքն՝ այնտեղ ամերիկացի զինվորներ չկան: Նրա տվյալներով, Ուզբեկստանում նույնպես ամերիկացի զինվորներ չկան:

Այսօր ավելի վաղ Գյումրիում Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով ռուսաստանյան հակաօդային պաշտպանության ռազմակայաններից մեկը անցավ մարտական հերթապահության: Մարտական վիճակի բերվեցին Ս 300 հռթիռները: Այս հրթիռները կարող են նշանակետը խոցել 75 կիլոմետր շառավղով: Այսպիսի համակարգեր Հայաստանի բանակը չունի, դրանք պատկանում են Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանին:

Համատեղ հերթապահությունը ենթադրում է հրամանատարաշտաբային համատեղ աշխատանք, Հայաստանի օդուժը եւ համեմատաբար փոքր հզորություններ ունեցող հայկական բանակի զենիթահրթիռային համակարգերը:

«Արթիկից մինչեւ Վանաձոր ամբողջ հատվածը, համատեղ պլանի համաձայն, պահում են ռուսները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արարատ Համբարյանը: - «Նրանք են իրականացնելու մշտական հերթապահությունը»:

Զինվորականները խուսափում են կոնկրետ թվեր ասել, թե Ս 300 տիպի քանի համակարգ է տեղակայված Հայաստանում, եւ քանի ռազմական օդանավ կա ռուսաստանյան ավիացիոն խմբում ու հայկական բանակում:

Անցյալ տարվա գարնանը համատեղ հերթապահության էր անցել ռուսաստանյան ռազմակայանի եւ հայկական բանակի օդուժը: Ըստ Արարատ Համբարյանի, այսօր մարտական հերթապահության անցած զենիթահրթիռային գունդը մինչեւ հիմա ուսումնական հերթապահության մեջ էր:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG