Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը





Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինը, որը երեքշաբթի օրը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, նորմալ համարեց այն փաստը, որ հակաահաբեկչական գործողություններին մասնակցող ռազմական օդանավերի համար Հայաստանը բացել է իր օդային տարածքը:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱՊՀ երկրներից մասնակցեն Աֆղանստանի դեմ նախապատրաստվող հակաահաբեկչական գործողություններին, Անատոլի Կվաշնինը ասաց. «Ոչ, մերոնք չեն մասնակցի»՝ մասնավորեցնելով, որ Տաջիկստանի տարածքում տեղակայված 201-րդ ռուսաստանյան դիվիզիան նույնպես ոչ մի գործողության չի մասնակցի, առավել եւս՝ Աֆղանստանի տարածքում:

Անատոլի Կվաշնինը Հայաստան է ժամանել Ռուսասատանի զինված ուժերի բարձրաստիճան սպաներից, գլխավոր շտաբի վարչությունների պետերից բաղկացած բավական պատկառելի պատվիրակության ուղեկցությամբ:

Այսօր Կվաշնինին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր պետի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ «զրուցակիցները կարծիքներ են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներ շուրջ, կարեւորել են երկու երկրների միջեւ պաշտպանության բնագավառում հարաբերությունների ներդաշնակ զարգացման անհրաժեշտությունը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ նույն հաղորդագրության, տեղի է ունեցել Անատոլի Կվաշնինի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի հետ: Քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ ռազմական համագործակցության 2001 թվականի պլանի իրականացմանն ու տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի են ունեցել նաեւ ընդլայնված կազմով բանակցություններ:

Վաղը Անատոլի Կվաշնինը մեկնելու է Գյումրի: Նա հանդիպելու է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի հրամանատարական կազմի հետ, այցելելու է զենիթահրթիռային զորամաս: Ըստ որոշ աղբյուրների, Կվաշնինը որոշել է տեղում ծանոթանալ հակաօդային պաշտպանության համակարգի հնարավորություններին:

Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավելի քան 2 տասնյակ ՄԻԳ 29 կործանիչներ կան, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության մեկ բրիգադ, Ս 300 հրթիռային համակարգեր:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG