Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը պատրաստ է մարդահամարի անցկացմանը


Հոկտեմբերի 10-19-ը ավելի քան 12 հազար հաշվարարներ ողջ հանրապետության բնակավայրերում մեկ առ մեկ գրանցելու են բոլոր բնակիչներին՝ ինչպես մշտապես բնակվող, այնպես էլ հանրապետությունից ժամանակավորապես կամ ընդմիշտ մեկնած քաղաքացիներին։

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ մարդահամարի կազմակերպման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստը: Վարչապետը վստահություն հայտնեց, որ մարդահամարը թույլ կտա հստակ պատկերացում կազմել ժողովրդագրական իրավիճակի մասին, ճիշտ կառավարել միգրացիոն հոսքերը, ճշտել արտագաղթի իրական չափերը, որը, ըստ վարչապետի, քաղաքական տարբեր շահարկումների թեմա է դարձել։

Նիստին մասնակցում էին նաեւ դոնորների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱՄՆ հաշվառման բյուրոյի փորձագետներ։ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթը հավաստիացրեց, որ մինչեւ մարդահամարի սկսվելը բոլոր ֆինանսական խնդիրները կլուծվեն։

Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի վարչության պետ Սամվել Ներսիսյանի խոսքերով, դոնորների կողմից մինչ այժմ հավաստիացվել են 955 միլիոն դրամի համարժեք միջոցների հատկացումներ։ Այդ գումարի մեջ 211 միլիոն դրամը հատկացրել է Հայաստանի կառավարությունը։

Մարդահամարի ֆոնդի հիմնական դոնորներն են Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման բաժանմունքը (DFID), ինչպես նաեւ՝ Շվեցարիայի, Իտալիայի,
Հոլանդիայի եւ Հունաստանի կառավարությունները։

Պետական կառույցը, ըստ Սամվել Ներսիսյանի, ընդհանուր առմամբ, պատրաստ է մարդահամարի անցկացմանը։ Բուն նախապատրաստական աշխատանքները տեւել են 7-8 ամիս, իսկ մինչ այդ, 2000 թվականի սեպտեմբերին Սպիտակում եւ Արարատի մարզի 8 գյուղերում փորձարկվել է մարդահամարի մոդելը։

Կատարվել է Հայաստանի 89 բնակավայրերի, այդ թվում` Երեւանի 12 համայնքների քարտեզագրումը, անցկացվել են ցուցակագրման աշխատանքները, հրահանգավորվել են մարդահամարի մեջ ներգրավված աշխատակիցները։

Մարդահամարի հարցաթերթը, ըստ պարոն Ներսիսյանի, ընդգրկում է 49 հարց, որից 15ը վերաբերում է բնակարանային պայմաններին։ Ներսիսյանի խոսքերով, որպեսզի ստացվի բնակչության թվի իրական պատկերը, մարդիկ պետք է պատրաստակամ լինեն պատասխանելու իրենից ուղղված հարցերին։ Ժամանակավոր մարդահամարի փորձը, ըստ վարչության պետի, այդ առումով հուսադրող է:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG