Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ն ու «Իտերա»-ն չեն մասնակցում Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի մրցույթին


Ռուսաստանի բնական գազի մենատեր «Գազպրոմ»-ը եւ դրա մասնաճյուղը հանդիսացող «Իտերա» ընկերությունը չեն մասնակցելու Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման առաջիկա միջազգային մրցույթին, հակառակ այն բանի, որ բոլորովին վերջերս մասնակցության մասին հայտարարություններով հանդես էին եկել Ռուսաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաներ: Հայաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ ռուսաստանյան ՌԱՕ ԵԷՍ ընկերությունը առայժմ միակն է, որ հայտ է ներկայացրել մրցույթի «նախաորակավորման» փուլին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն էր: Մրցույթի նախնական պայմաններն ուղարկված էին նաեւ այն չորս ընկերություններին, որոնք առաջին մրցույթի ժամանակ մասնակցելու ցանկություն էին հայտնել եւ որոնք նախաորակավորման փուլն անցնում են ավտոմատ կերպով: Այդուհանդերձ, մրցույթի կազմակերպիչներին մոտ աղբյուրներն ասում են, որ այդ ընկերությունների մասնակցությունն առաջիկա մրցույթին կասկածահարույց է:

Դրանցից մեկը՝ իսպանական «Յունիոն Ֆենոզա»-ն արդեն դուրս է եկել մրցույթից: Իսպանական ընկերության ներկայացուցիչը սեպտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ իրենք այս տարի խոշոր ներդրումներ են արդեն կատարել Հարավային Ամերիկայում եւ առժամանակ ձեռնպահ են մնալու: «Յուրիոն Ֆենոզա»-յի ներկայացուցիչը նաեւ հերքել էր Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովի պնդումը, թե «Իտերա»-ն իսպանական ընկերության հետ համատեղ հայտ է ներկայացնելու:

Անցյալ ամիս Երեւանում Կլեբանովը լրագրողներին ասել էր, որ «Գազպրոմ»-ը եւ «Իտերա»-ն միասին ունենալու են 51 տոկոս բաժնետոմսեր Հայաստանի 4 բաշխիչ ցանցերում: Հայաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ռուսաստանյան այդ ըմկերությունները հայտ չի ներկայացրել նախաորակավորման փուլին, դրանով իսկ դուրս մնալով մրցույթից:

Պարզ չէ նաեւ, թե մրցույթին մասնակցելո՞ւ են արդյոք արեւմտյան այն երեք ընկերությունները՝ ֆրանսիական «Էլեկտիսիտի դը Ֆրանս»-ը, շվեդա-շվեյցարական «Էյ-Բի-Բի»-ին եւ ամերիկյան «Էյ-Ի-Էս Սիլք Րոուդ»-ը, որոնք անցյալ մրցույթի վերջին փուլում հայտ չներկայացրին, եւ մրցույթը տապալվեց:

Այսպիսով, ռուսաստանյան ՌԱՕԵԷՍ-ը կարող է մնալ Հայաստանի բաշխիչ ցանցերի միակ օտարերկրյա հավակնորդը: Հայաստանի էներգետիկ ոլորտի մասնավորեցման գործընթացը վերահսկող Համաշխարհային բանկը նախկինում առարկել էր ինչպես ՌԱՕԵԷՍ-ի, այնպես էլ «Գազպրոմ»-ի մասնակցությանը՝ փաստարկելով, որ դրանք չունեն ցանցերը շահութաբեր դարձնելու համար անհրաժեշտ միջոցներն ու տեխնոլոգիական հնարավորությունները:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG