Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանը զուսպ է Միացյալ Նահանգներին օդային տարածք տրամադրելու հարցը մեկնաբանելիս


«ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողություններին աջակցելու համար Հայաստանը համաձայնել է տրամադրել օդային միջանցք եւ արդեն տրամադրել է», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը: - «Ինքնաթիռների տեսակի եւ այլ կարգի աջակցության կամ հարցերի մասին լրացուցիչ տեղեկություններ այս պահին հնարավոր չէ տրամադրել»:

Մանրամասներ հաղորդելուց հրաժարվեց նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան խոսնակը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին այսօր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության որոշ աղբյուրներ, անցած շաբաթավերջին ամերիկյան ռազմական մեկ օդանավ հատել է Հայաստանի օդային տարածքը: Նշվում է, որ օդանավը ուղղություն է վերցրել Եվրոպայից: Աղբյուրը, սակայն, չի մասնավորեցրել թռիչքի նպատակակետը:

«Հայաստանն ինքիշխան պետություն է, եւ որոշումներ է կայացնում իր ազգային շահերից ելնելով», - «Ազատություն» ռադիոկայանին նաեւ ասաց Ձյունիկ Աղաջանյանը, նկատի ունենելավ, որ Հայաստանը օդային տարածքը տրամադրելու հարցը չի համաձայնեցրել Մոսկվայի հետ, որի հետ ունի սերտ ռազմական կապեր:

Ռազմական վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի օդային տարածքով անցող իքնաթիռներն օդ են բարձրանում Թուրքիայի տարածքում գտնվող ԱՄՆ-ի Ինջիրլիկ ռազմակայանից:

Ադրբեջանական «Զերկալո» ռուսալեզու թերթը, վկայակոչելով անանուն «թուրքական աղբյուրները», անցած շաբաթավերջին հաղորդել է, թե ուրբաթ օրը առնվազն 14 ինքնաթիռ Ինջիրլիկից դեպի Կենտրոնական Ասիա են թռել Հայաստանի եւ Ադրբեջանի վրայով: Ըստ թերթի, Բաքվի իշխանությունները ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG