Մատչելիության հղումներ

«Առագաստ» սրճարանի միջադեպի կապակցությամբ ձերբակալվածներ դեռեւս չկան


Նախաքննական մարմինը ոչ մի նորություն «Առագաստ» սրճարանում սեպտեմբերի 25-ի գիշերը տեղի ունեցած դեպքի կապակցությամբ չի հրապարակել: Քանի որ որեւէ այլ վարկած ասպարեզում չկա, իսկ պաշտոնական աղբյուրները լռում են, Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու կասկածյալներ շարունակում են մնալ Հանրապետության նախագահի թիկնապահները: Ակատեսներն արդեն հարցաքննված են, ձերբակալվածներ, սակայն, առայժմ չկան:

Դատախազությունից ստացված տվյալներով, այսօրվա դրությամբ դեռեւս պատրաստ չեն նաեւ դատաբժշկական փորձաքննության վերջնական տվյալները, որոնք որպես կանոն տրվում են դեպքից 25 օր անց:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին վստահեցրեց, որ Դաշնակցությունը հետեւում է նախաքննության ընթացքին, եւ հետամուտ է լինելու, որ բոլոր մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը:

Ըստ Գեղամ Մանուկյանի, արդեն գտնվում են մարդիկ եւ քաղաքական ուժեր, որոնք ամեն գնով փորձում են եղած ողբերգությունը քաղաքականացնել, ինչը, նրա կարծիքով, անընդունելի է: «Կարեւոր է, որ որոշ մարդիկ չփորձեն սա առիթ ծառայեցնեն իրենց հետին նպատակների համար», - ասաց Գեղամ Մանուկյանը, ավելացնելով, որ հասարակության մեջ ներկայումս հասունացած է այս դեպքին հստակ գնահատական տալու եւ մեղավորներին պատժելու պահանջը:

Գեղամ Մանուկյանը նաեւ նշեց, որ թեեւ դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունը դեռեւս չկա, սակայն սրտի կաթվածի վարկածն այլեւս բացառվում է, քանի որ, դիահերձարանում տրված նախնական եզրակացության համաձայն, ծեծի արդյունում առաջացած վնասվածքներ դիակի վրա հայտնաբերվել են:

Շաբաթ օրը Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում, գյուղապետ Պողոս Պողասյանի հուղարկավորությանը ներկա են եղել են նաեւ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինի ներկայացուցիչները:

Սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան «Առագաստ» սրճարանում ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանի մահը վրա է հասել դեռեւս չպարզված հանգամանքներում: Սրճարանն այդ օրը մարդաշատ է եղել: Այնտեղ է եղել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը սրճարանից հեռացել է Շարլ Ազնավուրի ուղեկցությամբ: Նախագահի եւ նրան ուղեկցող անձանց հեռանալուց որոշ ժամանակ անց սրճարանի զուգարանում հայտնաբերվել էր Պողոս Պողոսյանի դիակը:

Լրատվամիջոցներում միջադեպը կապվում է ՀՀ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներից ոմանց հետ, որոնց ծառայությունը նախագահ Քոչարյանը դադարեցրել է մինչեւ ընթացող նախաքննության ավարտը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG