Մատչելիության հղումներ

ԵԽ-ում Հայաստանի պատվիրակությունը ադրբեջանանպաստ փաստաթուղթ չի ստորագրել


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցած Հայաստանի պատվիրակության անդամները երկուշաբթի օրը հրավիրած մամուլի ասուլիում առաջին հերթին հերքեցին հայաստանյան մամուլում տարածված լուրերը, թե հայկական պատվիրակությունը ԵԽ-ում ստորագրել է մի փաստաթուղթ, որով ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ըստ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ), դա պարզապես չէր կարող տեղի ունենալ, որովհետեւ պատվիրակությունը նման լիազորություն չունի:

Շփոթմունքի պատճառ է դարձել ադրբեջանցի պատգամավոր տիկին Հաջիեւայի հարցապնդումը, թե ինչու Եվրախորհուրդը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Առաջին անգամ այդ հարցին անդրադառնալով, Եվրախորհրդի ղեկավարությունը երկու սկզբունքները իրար հետ զուգահեռ տանում է: Խոսքը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների մասին է», - բացատրեց Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը անդրադարձավ Ստրասբուրգում իր ունեցած ելույթին, որը Վրաստանում, ապա նաեւ Հայաստանում ներկայացվել էր որպես Ջավախքի ինքնորոշման իրավունքը ճանաչելու պահանջով:

Ռուստամյանը ընդգծեց, որ ինքը նման բան չի ասել, այլ ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Վրաստանաի վերաբերյալ պատրաստված զեկույցվի քննարկումների ժամանակ իր ելույթը բխեցրել է Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերից՝ ասելով, որ Վրաստանի ազգային փոքրամասնություններին ինքնավարության իրավունք պիտի տրվի:

Արմեն Ռուստամյանը առանձնակիորեն անդրադարձավ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ հրապարակ հանված այն փաստաթղթին, ըստ որի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցություններում այլեւս առաջընթաց չկա, ուստի նպատակահարմար է խնդրի արծարծումը Եվրախորհրդում: Փաստաթուղթը ստորագրել էր եվրոպական տարբեր երկրներ ներկայացնող ավելի քան 50 պատգամավոր:

«Եվրախորհրդում իրենք իրենց ուժեղ զգալով, փորձելու են Ղարաբաղի հակամարտությունը տեղափոխել եւ քննարկել ԵԽ-ում: Այսինքն, ընդլայնել ճակատը Ղարաբաղի հարցի քննարկման առումով, որովհետեւ այդտեղ իրենք իրենց իսկապես ուժեղ են զգում», - ասաց Ռուսատմյանը: - «Խուսափել այդ քննարկումից հնարավոր չի լինի, եւ մենք փաստորեն կմտնենք այդպիսի մի լուրջ պրոցեսի մեջ»:

Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պատվիրակությունը նամակ է հղել ԵԽ Նախարարաների կոմիտեին՝ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման կապակցությամբ:
«Այս քննարկումները կլինեն նոյեմբերին եւ Թուրքիան պիտի կարողանա Նախարարների կոմիտեին բացատրություն տալ, թե ինչու եւ ինչ նպատակով է Հայաստանը պահում շրջափակման մեջ», - ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG