Մատչելիության հղումներ

ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանին ընդդիմադիր թեւը պատրաստվում է համագումարի


Ազգային ժողովրդավարական միությունում (ԱԺՄ) Վազգեն Մանուկյանին ընդդիմադիր թեւը որոշել է կուսակցության արտահերթ համագումար հրավիրել հոկտեմբերի 6-ին: Շաբաթ օրը այդ կապակցությամբ ասուլիս էին հրավիրել ԱԺՄ վարչության՝ Վազգեն Մանուկյանին սատարող թեւի անդամները:

Ըստ ասուլիսի բանախոսների, արտահերթ համագումար հրավիրելու որոշմամբ խախտվել է կուսակցության կանոնադրությունը, քանի որ համագումար չեն կարող հրավիրել մարդիկ, ովքեր կամ հեռացված են ԱԺՄ-ից, կամ էլ՝ սառեցված է նրանց անդամությունը կուսակցությունում: Մինչդեռ, ինչպես ներկայացրեց ԱԺՄ վարչության անդամ Ալեքսանդր Բուտաեւը, արտահերթ համագումար հրավիրողներից Սեմյոն Բաղդասարյանը, Վահրամ Մկրտչյանը, Միքայել Մելքումյանը հեռացված են ԱԺՄ-ից, իսկ Սեյրան Ավագյանի եւ Ֆիլարետ Բերիկյանի անդամությունը սառեցված է:

Ալեքսանդր Բուտաեւը եւ կուսակցության խորհրդի մյուս անդամները, իրենց հերթին, այսօր հայտարարեցին, որ ԱԺՄ հերթական 13-րդ համագումարը կհրավիրվի նոյեմբերի 30-ին, տեղեկացնելով, որ այդ որոշումն ընդունվել է սեպտեմբերի 22-ին կայացած ԱԺՄ խորհրդի նիստում, որին մասնակցել են այդ մարմնի 40 անդամներից 31-ը:

Վազգեն Մանուկյանին սատարող թեւը որոշել է նաեւ ԱԺՄ այն անդամներին, ովքեր չեն համաձայնի պահպանել կուսակցության կանոնադրությունը, կուսակցությունից հեռացնել մինչեւ հոկտեմբերի 5-ը՝ այսինքն մինչեւ ընդդիմադիր թեւի հրավիրած համագումարը:

«Ում հավաքում են, թող հավաքեն, պարզապես դա համագումար կոչելու իրավունք չունեն», - ասաց Ալեքսանդր Բուտաեւը, ավելացնելով նաեւ, որ կուսակցության մասնաճյուղերն ապատեղեկացվում են՝ իբր արտահերթ համագումարին մասնակցելու է նաեւ Վազգեն Մանուկյանը եւ դա լինելու է հաշտեցման համագումար:

«Իսկ եթե պարզվի, ինչպես Ֆիլարետ Բերիկյանն է ասում, որ իրենք են մեծամասնություն կազմում, մենք կթողնենք-կհեռանանք այդ կուսակցությունից: Առայժմ, սակայն, համոզված ենք, որ մեծամասնությունը մեր կողքին է, եւ այդ պատճառով էլ դուրս գալու ոչ մի ցանկություն չունենք», - ասաց Ալեքսանդր Բուտաեւը:

Մանուկյանական թեւը վստահ է, որ ընդդիմադիր թեւն այսօր օգտագործվում է ինչ-որ մեկի կողմից: «Եթե իրենք հստակ շարունակում են պնդել եւ անել մի բան, որ ակնհայտորեն սխալ է, ուրեմն ինչ-որ մեկը, երեւի, իրենց խոստում է տվել, որ ինչ-որ պետական մարմիններով կանցկացնի իրենց որոշումները: Ես համոզված եմ, որ այդ խոստացողը նրանց պարզապես կօգտագործի եւ դեն կշպրտի»:

Ըստ ասուլիսի բանախոսների, ընդդիմադիր թեւն իշխանամետ է. խորհրդարանում նրանց ելույթներում որեւէ ընդդիմություն չի զգացվում, մինչդեռ ԱԺՄ վերջին համագումարը որոշել էր հանդես գալ ընդդիմության դիրքերից:

ԱԺՄ-ում ներկուսակցական պառակտումները սկսվել են դեռ վաղ գարնանը: Կուսակցությունից հեռացան եւ իրենց առանձին կուսակցությունները ստեղծեցին ԱԺՄ հիմնադիր անդամներ Արշակ Սադոյանը եւ Շավարշ Քոչարյանը: Այնուհետեւ կանոնադրական լուրջ տարաձայնությունների հողի վրա կուսակցությունը գրեթե երկփեկղվեց, վարչության անդամների մեծամասնությունն այսօր ընդդիմադիր է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին:


Մարգարիտ Եսայան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG