Մատչելիության հղումներ

logo-print

Հաշտեցման հանձնախումբը ընդլայնում է իր գործունեությունը


Անցած շաբաթ Ստամբուլում տեղի ունեցավ թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի նիստը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանձնախմբի անդամներից Ալեքսանդր Արզումանյանը, Ստամբուլում երկու կողմերը ճշտել են միմյանց տեսակետները եւ արդեն հստակեցրել են իրենց գործունեության սկզբունքները:

«Հանձնաժողովի նիստերի ժամանակ ղարաբաղյան խնդիրը, որպես հաշտեցման երաշխիք կամ որեւէ այլ կոնտեքստում, չի քննարկվում: հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն որեւէ այլ երկրի հետ Հայաստանի հարաբերությունների հետ», - ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Արզումանյանը, ավելացնելով նաեւ, որ հայկական կողմը հրաժարվում է ցեղասպանության հարցը դիտարկել որպես կասկածի առարկա կամ ապացուցման կարիք ունեցող փաստ. ցեղասպանության խնդիրը, սակայն, իր տարբեր դրսեւորումներով քննարկումների հիմնական մասն է կազմում:

Ալեքսանդր Արզումանյանը լիահույս է, որ հաշտեցման գործընթացը առաջ է գնում իր բնականոն հունով, եւ հանձնաժողովի աշխատանքների ավարտին արդեն ձեւավորված կլինի որոշակի հասարակական կարծիք:

Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Նյու-Յորքում, ուր հանձնաժողովին սեմինարի է հրավիրել է Միջազգային անցումային արդարադատության իստիտուտը: Արզումանյանը նշեց, որ հաշտեցման գործընթացում կա միջազգային փորձ, որը պետք է ուսումնասիրել եւ եղած մոդելներից ընտրել այն, որը հնարավորինս համապատասխանում է մեր դեպքին՝ արդեն թույլ տրված սխալներից խուսափելու նպատակով:

«Վերջին մի քանի ամիսների համատեղ աշխատանքի դինամիկան ցույց է տալիս, որ այս հանձնաժողովը արդեն ձեւավորվում է որպես աշխատանքային խումբ: Ավելի դյուրին է դարձել շոշափել ցանկացած՝ նույնիսկ շատ դժվար եւ էմոցիոնալ հարց», - ասաց Ալեքանդր Արզումանյանը: - «Կան մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ կա թե' փոխընբռնում եւ թե' ցանկություն աշխատելու արդեն կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ»:

Հաշտեցման գործընթացը զարգացնում են հիմնականում պաշտոնաթող դիվանագետներ: Որքանո՞վ է հնարավոր հաշտեցման գործընթացը, երբ երկու կողմերից հանձնաժողովում ընդգրկված չեն պետական քաղաքականությունը ներկայացնող անդամներ, որոնք հանձնաժողովի հնարավոր հաջողություններին կարող էին պաշտոնական ընթացք տալ: Այս հարցին պատասխանելով, նախկին արտգործնախարար Արզումանյանն ասաց. «Մեր նպատակներից մեկն է առաջարկների մի փաթեթ ներկայացնել կառավարություններին, որոնք ազատ են ընդունելու կամ աղբարկղը նետելու դրանք: Դա երկու պետությունների, կառավարությունների իրավունքն է»:

Երբ ընթացիկ տարվա հուլիսին Ժնեւում կայացած առաջին նիստից հետո հայտնի դարձավ թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի գոյության մասին, դա Հայաստանում միանշանակորեն չընդունվեց: Պաշտոնական Երեւանը հերքեց իր մասնակցությունը հանձնախմբի ստեղծմանն ու գործունեությանը:

Ալեքսանդր Արզումանյանն այսօր այդ առնչությամբ ասաց. - «Ես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ եմ Հայաստանի Հանրապետությունում: Ես այդ հանձնաժողովում ներկայացնում եմ միայն ինձ»:

Հանձնախմբի մյուս հայ անդամներից մոսկվայաբնակ քաղաքագետ, Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ Անդրանիկ Միհրանյանը նույնպես զգուշավոր լավատեսությամբ է գնահատում շփումները հանձնաժողովի շրջանակներում:

«Երկու կողմն էլ գիտակցում են, որ հանձնախմբի շրջանակներում վարվող բանակցությունները քաղաքական եւ դիվանագիտական ասպարեզ են բացում երկու երկրների պետական կառույցների միջեւ անդրանիկ շփումների համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անդրանիկ Միհրանյանը:

Մոսկվայաբնակ հայազգի քաղաքագետը ասաց նաեւ, որ Ստամբուլում որոշվել է ստեղծել հանձնախմբի քարտուղարություն, ինչպես նաեւ մի շարք ենթահանձնախմբեր:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է հաջորդ նիստի անցկացման վայր ընտրվել Նյու Յորքը, եւ ոչ Երեւանը, ինչպես ծրագրված էր նախապես, Անդրանիկ Մահրանյանը ասաց. - «Հոգեբանական մթնոլորտը Հայաստանում նպաստավոր չէ նմանօրինակ հանդիպումը Երեւանում անցկացնելու համար»:


Շաքե Ավոյան, Երեւան եւ Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG